Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանից ուխտի են եկել

Հասարակություն
bf10000311c5f33b19330d1b8c373cbd

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ուխտի եկած Վրաստանի Լատին Եկեղեցու առաջնորդ Ջուզեպպե արքեպիսկոպոս Պազոտտոյին, հոգևոր սպասավորներին ու միանձնուհիներին` ուղեկցությամբ Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Արևելյան Եվրոպայում Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանի:

Հանդիպման սկզբում Տ. Ռաֆայել արքեպիսկոպոս Մանուկյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրեց ուխտավորներին` շնորհակալություն հայտնելով հայոց հոգևոր կենտրոնում Քույր Եկեղեցու հոգևոր սպասավորներին հյուրընկալելու համար:

Այնուհետև կաթոլիկ ուխտավորներին հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց Նորին Սրբությունը: Շնորհավորելով ներկաներին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապի գահակալության առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Մայր Աթոռի և Վատիկանի ջերմ փոխհարաբերություններին:

Զրույցի ավարտին Վեհափառ Հայրապետը Տիրոջ օգնականությունն ու զորակցությունը մաղթեց Կաթոլիկ Եկեղեցու սպասավորներին` քրիստոսապատվեր իրենց ծառայության արդյունավորման համար: