Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես կազմակերպել մարդու իրավունքների կրթությունը

Հասարակություն
0b0de177ca8744e3045f6aa77a43f5ac

Աղվերանում մեկնարկած եռօրյա դասընթացի շրջանակներում ուսուցիչների վերապատրաստում իրականացնող մասնագետները կուսումնասիրեն, թե ինչպես կազմակերպել մարդու իրավունքների կրթությունը՝ այն աշակերտների առօրյա կյանքին առավել համապատասխանեցնելու նպատակով:

«Դպրոցը և կրթական համակարգը վճռորոշ նշանակություն ունեն ապագա սերունդներին մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կրթելու հարցում: Զարգացնելով մարդու իրավունքների ուսուցումը` մենք կարող ենք օգնել երիտասարդներին իրագործել և պաշտպանել իրենց իրավունքները առօրյա կյանքում», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Հայաստանի տարբեր շրջաններից միջնակարգ դպրոցների հասարակագիտության մոտ 35 ուսուցիչ-վերապատրաստողներ և կրթության ազգային ինստիտուտի մասնագետներ կքննարկեն միջնակարգ դպրոցում մարդու իրավունքների կրթության ծրագրման, իրականացման և գնահատման հետ կապված խնդիրներն ու մարտահրավերները:

Մարզերում այնուհետև կանցկացվեն մեկօրյա աշխատաժողովներ, որոնց նպատակն է դիտարկել դասընթացի ազդեցությունը կրթական գործընթացի վրա, ինչպես նաև օգնելու տարածել ձեռքբերած հմտությունները դասավանդողների ավելի լայն շրջանակներում:

Դասընթացը իրականացվում է Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնի՝ Սիվիթասի (CIVITAS) կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Միջոցառման ընթացքում մասնակիցներին նաև կներկայացվի միջնակարգ դպրոցներում մարդու իրավունքների կրթության վերաբերյալ ուղեցույցը, որը մշակվել և վերջերս հանրությանն է ներկայացվել ԵԱՀԿ Ժողովրդավարության հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի կողմից:

Հայաստանում մարդու իրավունքների խնդիրներն ու թեմաները միջնակարգ դպրոցի ուսումնական ծրագրում ներառվել են (8-10-րդ դասարաններ) 2001թ.: 2010թ. ի վեր ԵԱՀԿ-ն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ոլորտներում մարդու իրավունքների կրթությունը զարգացնելու նպատակով:

Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամլո ծառայոությունը։