Անհետ կորած տղայի խոսքից. «Ես հայրենիքինն եմ» (տեսանյութ)
Արդեն 21 տարի է տիկին Սամարան արթնանում է այն հույսով, որ որդին` Վրեժը, այսօր տուն է վերադառնալու, կամ նրանից գոնե լուր է ստանալու:
Վրեժ Գրիգորյանը «Արաբո» ջոկատի ազատամարտիկներից էր, ով կամավոր մեկնել էր Շահումյան՝ մոր ծննդավայրը ադրբեջանցիներից ազատագրելու համար:
«1990-ին 17 տարեկան էր, նա 16 տարեկանից գնացել էր, ես արդեն չէի տեսել: Դեռ 20-ը չբոլորած անհայտ կորավ»,-ասում է Սամարա Գրիգորյանը:
Տիկին Սամարային հասած տվյալներով՝ 1992-ին նրա որդին անդամագրվել է «Արաբո» ջոկատին, որի կազմում մասնակցել է Մարտակերտի՝ Լենինանավան գյուղի ազատագրմանը: Հենց այս մարտում էլ ընկերների հետ հայտնվել է շրջափակման մեջ:
«Վրեժը մի ուրիշ ձեւով գնաց, նա ասաց, որ մամա ես գնում եմ, բայց իմացի աստված քեզ 3 տղա է տվել, մեկը՝ քոնն է, մեկը Աստծունը, իսկ ես հայրենիքինն եմ»,-ասում է տիկին Սամարան:
Մայրը համոզված է, որ եթե նույնիսկ իր որդին գերի ընկներ չէր կարող ողջ մնալ; Ինչպես Վրեժը, այնպես էլ նրա մյուս կամավոր ընկերները կգերադասեին զոհվել, քան թշնամու ձեռքն ընկնել:
Կարմիր խաչի միաջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության վերջին տվյալների համաձայն ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով 407 անհայտ կորած հայ կա:
Կոմիտեն աշխատում է անհետ կորածների ընտանիքների հետ:
«Առաջին ուղղությունը ճակատագրի պարզաբանումն է, երկրորդ ուղղությունը աջակցման ծրագիրն է: Կազմակերպում ենք ընտանիքների հետ ժողով, փորձում ենք հասկանալ իրենց հիմնական խնդիրները թե տնտեսական, թե սոցիալական, թե զգացմունքային, նաեւ իրավական»,-ասում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակ Ռուբինա Թամրազյանը:
Կոմիտեն անհետ կորածների ճակատագրի պարզաբանման համար աշխատանքներ է տանում մանրամասն տեղեկությունների հավաքագրման ուղղությամբ: Իսկ այս տարվանից մեկնարկելու է նաեւ հարազատներից ԴՆԹ-ի նմուշներ հավաքագրելու աշխատանքները՝ պարզաբանումները ճիշտ անցկացնելու համար: