Ծաղկավաճառները տեղի կռիվ էին անում
Մարզահամերգային համալիրի շրջակայքում, Ծիծեռնակաբերդ տանող ճանապարհին այսօրվանից ծաղկավաճառները պայքարում են լավ տեղերի համար։ «Դու էստեղ չես կանգնելու, սա մեր տեղն է, ես արդեն քսան տարի է էստեղ եմ կանգնում, ես էլ՝ տասը տարի»,- «Ա1+»-ի նկարահաման պահին վիճում էին ծաղկավաճառները։
Նրանցից որեւէ մեկը չի պատրաստվում իր տեղը զիջել, քանի որ զբաղեցրած տեղից է կախված նաեւ շատ գումար վաստակելու հնարավորությունը։
Տարվա ընթացքում ծաղակավաճառները ոչ մի օր այնքան ծաղիկ չեն իրացնում, որքան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։
Հասմիկ տատիկն արդեն տասը տարի է նույն տեղում՝ ապրիլի 23-ին և 24-ին ծաղիկներ է վաճառում. «Բալես, դե գիտես գոհը գոհ չեմ, բայց մի տասը հազար դրամ աշխատում եմ ապրիլի 24-ին»։
Հասմիկ Տատիկը նարգիզները վաճառում է տասը դրամով. «Լինում է նաև, որ 7-8 դրամով եմ վաճառում։ Դե եթե շատով են տանում, իջնում եմ»։
Իսկ վերավաճառողներն ավելի թանկ գներ են սահմանում՝ մեկ ծաղիկը մինչեւ 100 դրամ
Ծաղկավաճառների մի մասն էլ, որոնք Երևան են հասնում տարբեր մարզերից, տեսախցիկից դուրս ասացին, որ տեղի համար իրենցից գումարներ են գանձում. «Դե, ոստիկանները գալիս են փողերը հավաքում ու գնում են՝ 1000 դրամ։ Հետո էլ մեզ հանում են ու իրենց մարդկանց եմ բերում, որ ծաղիկ վաճառեն»։