ԱՊՀ երիտասարդները քննարկելու են եվրասիական շարժումը
Երևանում ապրիլի 26-28-ը ԱՊՀ Երկրների Երիտասարդական Միության նախաձեռնությամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության դահլիճում տեղի կունենա «Մեկ քայլ առաջ» առաջին Եվրասիական երիտասարդական համաժողովը:
Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելոռուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Վրաստանի պատվիրակությունները:
Ծրագիրը ներառում է գիտաժողովներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ «Եվրասիական Ինտեգրացիա»-ի խնդիրները, առավելություններն ու հեռանկարները, ընդհանուր մշակութային ժառանգությունը` որպես ինտեգրման գործընթացները զարգացնող գործոն, մշակութային բազմազանության պահպանության խնդիրները, «Եվրասիական Ինտեգրացիա»-ն երիտասարդների աչքերով թեմայի շուրջ: Վերը նշված ծրագրերին մասնակցում են ԱՊՀ երկրների երիտասարդական կազմակերպությունները, հասարակական ակտիվ գործիչներ, քաղաքական այրեր:
Համաժողովի ընթացքում տեղի կունենա EXPO-2013 (Միասնական Տնտեսական Գոտի) միջազգային ցուցահանդեսը, որը կդառնա բաց հարթակ` մասնակից երկրների տեխնիկական և տեխնոլոգիական ձեռքբերումները ցույց տալու համար:
Ծրագիրը ներառում է նաև «Ազգերի բարեկամության այգու» ծրագրի շնորհանդեսը:
Համաժողովը նախատեսում է ստորագրել համաձայնագիր `ստեղծելու մի նոր բազմազգ «Եվրասիական շարժում», որը կհամախմբի տարբեր ազգերի երիտասարդներին եվրասիական ինտեգրման գաղափարի շուրջ:
Ինչպես նշել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանը . «Կայանալիք համաժողովը նոր թափ կհաղորդի Եվրասիական ընտանիքին ինտեգրման գործընթացին և կնպաստի նոր ինֆորմացիոն հարթակ ստեղծելուն, որը ԱՊՀ տարածաշրջանի երկրների բնակչությանը Եվրասիական միության մասին ավելի շատ ինֆորմացիա կհաղորդի: Ես շատ ուրախ եմ, որ նման մասշտաբային համաժողով անց է կացվում Հայաստանում»: