Կորցրած Էրգրի կարոտը. Նոր Արաբկիր, Նոր Արեշ...
Էջեր Երեւանի պատմությունից
Երևանի թաղամասերի պատմությանը կարելի է երկար շարք նվիրել, սակայն ամենայուրահատուկներից է հավանաբար Արաբկիրի պատմությունը: Ի սկզբանե այն ձևավորվել է որպես քաղաքատիպ ավան' "Նոր Արաբկիր" անվամբ: Գաղափարի հեղինակը Ամերիկահայ արաբկիրցիների միությունն էր, որը ձգտում էր վերաբնակեցնել Թուրքիայի տարածքում մնացած Արաբկիրի նախկին բնակիչներին: "Նոր Արաբկիրը" Հայաստանի առաջին հայրենադարձ ավանն էր:
1924թ. ապրիլի 15-ին Հայաստանի կառավարությանն ուղղված նամակում ասվում էր. "Պատերազմեն ետք արաբկիրցիները մեծ մասամբ տարագրված և ցրված ըլլալով Հունաստանի, Սուրիո և այլ քաղաքները, անկարող գործածելու իրենց հմտությունը, թշվառության և կորստյան դատապարտված են: Օգնությունը արմատական դարման չի կրնար տալ, քանի որ լեզվին անծանոթ են և միանգամայն չեն փափագիր և չեն կրնար հաստատվիլ: Այս կացության դարմանը Հայաստանի հարմարագույն մեկ վայրին մեջ Արաբկիր մը հիմնելն է":
Ամերիկահայ արաբկիրցիների միությունը հանգանակությունների միջոցով 30 հազար դոլար էր հավաքել սկզբում 50 ընտանիքի բնակարանաշինության համար: Այս կարգով կամաց-կամաց հայրենիք պետք է վերադառնար մոտ 200 ընտանիք: Իրենց ձեռքի աշխատանքով հայտնի արաբկիրցիները գումարներ էին հավաքվում Հայաստանում մանվածքների գործարան հիմնելու համար և անգամ պատրաստ էին այն համալրել ամերիկյան սարքավորումներով:
1924թ. մայիսի 21-ին Կոնստանդնուպոլսից ԽՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմատի Անդրկովկասի ներկայացուցիչ Դանուշ Շահվերդյանը նամակով դիմեց Հայաստանի ժողկոմխորհին' ուղարկելով Պոլսի արաբկիրցիների ներգաղթի մասին դիմումը' իրենց պատրաստած կերպասների նմուշներով: Շահվերդյանը գրում էր, որ այս առաջարկն ուշադրության արժանի է, քանի որ ավելի լավ է արտադրող տարրին, արհեստավորներին և ունևորներին ընդունել, քան թե կայաններից կիսաքաղց գաղթականների, որոնց կերակրելու հնարավորություն անգամ չկա: "Պետք է հիշեմ, որ այստեղի Արաբկիր քաղաքի հայերն ուզում են գալ հայրենիք և արդեն վաճառում են իրենց ունեցվածքը, իսկ թե Հայաստանը չընդունի, Ֆրանսիան և Արգենտինան տեսնելով նրանց ձեռքի շնորհքը, որպես էժան և որակյալ աշխատուժ պատրաստ են բացել իրենց դռների հայերի առջև":
1925թ. մայիսին Երևանի քաղգավգործկոմը արաբկիրցիների միության ներկայացուցիչների հետ կնքեց պայմանագիր, ըստ որի Երևանի, Քանաքեռի, Հրազդան գետի և Գեդառ չայի միջև գտնվող տարածությունից "610 դեսյատին հողամաս" առանց փոխհատուցման հատկացվեց ամերիկահայ արաբկիրցիներին' "Նոր Արաբկիր" անունով ինքնուրույն քաղաք հիմնելու համար: Հատկացվեց նաև Երևան քաղաքի գլխավոր ջրմուղից որոշակի քանակությամբ խմելու և ոռոգման ջուր: Ավանի հատակագիծը կազմեց Ալ. Թամանյանը:
Հայկական անփոփոխ բնավորությունը
Չնայած ոգեվորությանը' պատվիրատուները հաճախ դժգոհ էին մնում տեղացիների աշխատանքից. վճարած գումարները երբեմն նպատակին չէին ծառայում: Օրինակ "Նոր Արաբկիր" միության վարչության նախագահը Երքաղլուսբաժնին ուղղված նամակում գրում է, որ ըստ պայմանագրի պետք է կառուցվեր 1-ին աստիճանի դպրոց բոլոր հարմարություններով, սակայն կառուցվածն ընդամենը մի բաժանմունք է, ուր ընդամենը 18 աշակերտ է հաճախում, պարապմունքներն ընթանում են ոչ պատշաճ մակարդակով, իսկ 20-22 աշակերտ դուրս են մնացել ու դարձել թափառաշրջիկ:
Այնուամենայնիվ, 1928թ. հունվարին բացվեց Արաբկիրի առաջին դպրոցը' 40 աշակերտով, իսկ 1933թ. սեպտեմբերի 1-ին բացվեց դպրոցի նորակառույց շենքը, որը մեկ տարի անց ստացավ Ալ. Շիրվանզադեի անունը:
Նոր Արաբկիրը նախատեսված էր հազար տան համար: 1926թ. նոյեմբերի 8-ին Հին Արաբկիրից (Թուրքիա) Նոր Արաբկիր հասավ հայրենադարձների առաջին խումբը՝ 82 հոգի, մեկ տարի անց՝ եւս 78 հոգի:
Արաբկիրցիների ցանկությունը կատարվեց, և 1927թ. հունվարին բացվեց Արաբկիրի մանածագործական արտելը: Նույն թվականի գարնանը քաղաքը սկսեց ակտիվ կանաչապատվել, տնկվեցին հազարավոր պտղատու և վայրի ծառեր: Խմելու ջրի հարցը լուծելու համար նույն Ֆրանսիայից բերվեց 4000 մետր ձուլածո երկաթյա խողովակ:
Արդեն 1928թ. հոկտեմբերին Արաբկիրն ուներ 762 բնակիչ:
1936թ. Նոր Արաբկիրն ուներ հանրային բաղնիք, խանութ, հացի փուռ, մարմնամարզական խումբ, հրշեջ կայան, 70 հոգանոց պարի խումբ, գրադարան' 300 կտոր գրականությամբ, 3 կետ հեռախոս, ռադիոակումբ, մարզական ակումբներ, կինոթատրոն, դեղատուն և այլն:
1937թ. բնակչության թիվը հասավ 2500-ի, որոնք ապրում էին 325 բնակարաններում: 1938թ. Արաբկիրում կառուցվեց նոր դպրոց, որը հետագայում կոչվեց Րաֆֆու անվամբ:
1939թ. սկսեց կանոնավորապես աշխատել ավտոբուս' Նոր-Արաբկիր-Երեւան երթուղով: 1940թ. Արաբկիրի բնակչության թիվը հասավ 6000 մարդու:
Հետաքրքիր է, որ հենց պատերազմի տարիներին Արաբկիրում հիմնադրվեցին Ալյումինի եւ Ժամացույցի գործարանները, Կահույքի ֆաբրիկան, իսկ հետագայում բացվեցին Էլեկտրաճշգրիտ սարքերի, Ֆրեզերային հաստոցների, Լուսատեխնիկական, Շամպայն գինիների, Լամպերի, Ավտո գործարանները, Կոշիկի ու Գլխարկների ֆաբրիկան, որոնք արդեն հանրապետական նշանակության արտադրություններ էին:
Տարիների ընթացքում ավանը և Երևանը աճեցին միմյանց ընդառաջ, և Արաբկիրը դարձավ քաղաքի թաղային համայնքներից մեկը:
Արդյո՞ք հայրենադարձները գործիք էին
Պատերազմից հետո' 1946 թվականի հուլիսի 4-ին Հայաստան ժամանեց արտերկրից ներգաղթող հայերի առաջին խումբը: Ընդհանուր առմամբ այդ և հետագա մեկ-երկու տարում հայրենադարձվեց շուրջ 100 000 հայ, որոնց խնդիրներով զբաղվում էր նորաստեղծ "Արտասահմանյան հայերի ընդունման և տեղավորման կոմիտեն":
Հայրենադարձության գործընթացը սկսվել էր դեռևս 1945-ի ամռանը, երբ Մոսկվան թույլատրեց էմիսարներ գործուղել հայկական մեծ գաղութ ունեցող երկրներ' Իրան, Ռումինիա, Բուլղարիա, Սիրիա, Լիբանան...
Հետպատերազմյան քաղցի և թշվառության պայմաններում խորհրդային կառավարության այս քայլին տալիս են տարբեր մեկնաբանություններ. հաղթած պետության վարկանիշը արտասահմանի աչքում այս կերպ կարող էր բարձրանալ, կարելի էր նորովի խոսել խորհրդային ժողովրդավարության մասին: Ըստ մեկ այլ տեսակետի' Ստալինը ցանկանում էր ընդլայնել ԽՍՀՄ սահմանները Թուրքիայի հաշվին, սակայն պատերազմին չմասնակցած երկրի վրա անառիթ հարձակումը դաշնակիցների կողմից չէր ընդունվի: Ներգաղթողներին տեղավորելու հարցը կարելի էր որպես պատրվակ օգտագործել: Պատահական չէ, որ դեռևս Պոտսդամի կոնֆերանսում ԽՍՀՄ արտգործնախարար Մոլոտովն /1945թ. հուլիսի 16-ին/ ասել էր.
"1921 թվականին թուրքերը խլեցին Խորհրդային Հայաստանի մի մասը: Հայերը Խորհրդային Միությունում իրենց վիրավորված են զգում: Ու ԽՍՀՄ կառավարությունը հարց է բարձրացրել Խորհրդային Միությանն օրինաբար պատկանող տարածքները վերադարձնելու մասին":
Պարզ էր, որ Թուրքիան հենց այնպես հողային զիջումներ չէր անի և ԽՍՀՄ-ը պիտի պատերազմական գործողություններ սկսեր: Թե ինչ ոգևորություն էր տիրում հայության շրջանում, պատկերացնելը դժվար չէ: Ներգաղթով զբաղված էին ոչ միայն իշխանությունները, այլև Ամենայն Հայոց նորընտիր կաթողիկոս Գևորգ Չորեքչյանը, սփյուռքահայ շատ կազմակերպություններ: ՀԲԸՄ-ն օրինակ, Հայաստանի կառավարությանը փոխանցել էր 300 000 դոլար, իսկ ներգաղթի սփյուռքի տեղական կոմիտեներին' 225 000:
Տպավորություններ հայրենիքից
Հայրենադարձներին Հայրենիքում խորը հիասթափություն էր սպասում: Հայաստանը նրանք գտան թշվառության մեջ' ամենևին ոչ այնպիսին, ինչպիսին նկարագրում էին բոլշևիկ էմիսարները: Շատերը միանգամից հասկացան, որ սխալվել են: Հենց սկզբից արձանագրվեցին սահմանանցման դեպքեր: Սնունդը պարզապես չէր հերիքում: Հայաստանի կառավարությունը նրանց փորձում էր մի կերպ տեղավորել, ստեղծվում էին նոր բնակավայրեր: Հայրենադարձության արդյունքում հենց տարիների ընթացքում ձևավորվեցին Զեյթուն, Կիլիկիա, Նոր Արեշ, Մարաշ թաղամասերը Երևանում, նաև' առանձին գյուղեր, ավաններ:
Այնուամենայնիվ, շատերը նրանցից, որոնք դիմացան կենցաղային դժվարություններին, շուտով ծանոթացան սովետական իրականության մյուս կողմին: 1949 թ հունիսի 14-ի չարաբաստիկ օրը Ալթայի երկրամաս աքսորվողների մեջ քիչ չէին նաև նոր հայրենադարձվածները:
Երևանը, սակայն, հայրենադարձման արդյունքում շահեց: Երևանի տաղանդավոր բնակիչներից շատերը կամ շատերի ծնողները մայրաքաղաք եկան հենց այդ ծանր տարիներին, ու հարստացրին քաղաքն իրենց նոր կոլորիտով' դառնալով մայրաքաղաքի պատմության անբաժանելի մասնիկը: