Միջադեպ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց (տեսանյութ)
Սալոնիկում միջադեպ է գրանցվել ապրիլյան քսանչորսյան ակցիայի ժամանակ։ Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց ակցիա անողները փորձել են հայտարարություն փոխանցել այդ երկրի իշխանություններին՝ պահանջելով Հայոց ցեղասպանության ճանաչում։ Սակայն այն չի հաջողվել։ Դուռը ոչ ոք չի բացել։ Ակցիայի զայրացած մասնակիցները փորձել են այլ կերպ տեղ հասցնել իրենց բողոքի նամակը։
Այս անգամ էլ ոստիկանական մահակները թույլ չեն տվել։ Այս մասին հաղորդում է thesstoday.gr-ը։
Ի դեպ, ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ սոսկ նշվում է. «Սալոնիկում նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ հայ համայնքային կառույցների համագործակցությամբ Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառում տեղի ունեցավ քաղաքի «Ի. Վելիդիս» դահլիճում: Միջոցառմանը մասնակցեցին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ ու կառավարության անդամներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների, զինվորականության, քաղաքական կուսակցությունների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ եւ հույն հոգեւոր հայրեր, լրագրողներ:
Հունաստանի վարչապետի անունից միջոցառմանը ողջույնի խոսք ուղղեցին ՝ Մակեդոնիայի եւ Թրաքիայի ապակենտրոնացված իշխանության գլխավոր քարտուղար Աթանասիոս Կարունձուսը, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլոս Ձիձիկոստան, Սալոնիկի եկեղեցական խորհրդի ատենապետի տեղակալ Գեորգիոս Ցամասլիսը, Սալոնիկի քաղաքապետ Յանիս Բուտարիսը, հայ երիտասարդության ներկայացուցիչ Արթուր Ծատինյանը: Բանախոսեց հայտնի գիտնական, արվեստագետ եւ վերլուծաբան Նիկոս Լիղերոսը:
ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Մինաս Մարտիկյանն ընթերցեց օրվա առիթով ՀՀ դեսպանի ուղերձը: