Որ Թուրքիա գնանք ոչ որպես զբոսաշրջիկ (տեսանյութ)
Օրվա երկրորդ կեսին էլ դեպի Ծիծեռնակաբերդ մարդկանց հոսքը չի դադարում։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քարոզչական կենտրոնի երիտասարդները այսօր երթով մետրոյի «Բարեկամություն» կայարանից շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ։
«Ակցիայի նպատակն է, որ երիտասարդներին համախմբենք հոգևոր արժեքների շուրջ և միասին ներկայացնենք մեր պահանջը միջազգային հանրությանը»,- ասաց երթի կազմակերպիչներից Դիանա Կարապետյանը։
Երիտասարդները, ունենալով հստակ պահանջ, ցեղասպանության ճանաչում ամբողջ աշխարհի կողմից, գիտակցում են նաև, թե ինչ փոխհատուցում պետք է ստանան։
«Մենք պետք է մեր նախնիների հող գնանք ոչ թե որպես տուրիստ, այլ տան տիրոջ իրավունքով» ,- ասաց Դիանան։
Երիտասարդների երթը այսօր առաջնորդում էին Մայր Աթոռի սարկավագները։
Արսեն սարկավագը նշեց, որ չնայած Թուրքիայի իշխանություները դեռ պատրաստ չեն ցեղասպանւթյունը պետական մակարդակով ընդունելուն, սակայն համոզված է, որ դա տեղի կունենա միայն հետևողական պահանջատիրության շնորհիվ . «Միայն ապրիլի 24 - ով չի սկսում մեր պայքարը և չի ավարտվում ապրիլի 24 - ին։ Պետք է ամբողջ տարվա ընթացքում աշխատանքներ տարվեն, իսկ ապրիլի 24 - ը լինի կուլմինացիոն կետը, երբ մեր բոլոր նախաձեռնությունները միասնական կներկայացվեն թե՛ մեզ, թե՛ ամբողջ աշխարհին»։