Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թաղապետն առաջարկեց սպասել մինչեւ մայիսի 2-ը (տեսանյութ)

Հասարակություն
7958de6a4b3046110df904e1a1a7bf70

Մալաթիա տոնավաճառի աշխատակիցներն այսօր գործադուլ էին անում։ Նրանք բողոքում են տնօրեն Ռադիկ Սարգսյանի որոշման դեմ, որով տոնավաճառում բարձրացրել են տեղի վարձերը։

«Մենք օրական վճարում ենք 6 հազար դրամ տեղի գումար, դրա համար մենք առնվազն 4 կտոր շոր պետք է վաճառենք, որ կարողանանք տալ գումարը, բայց մենք օրերով կարող ենք ոչինչ չվաճառել։» ,- ասում է տոնավաճառի աշխատողներից Անուշ Մկրտչյանը։

Հավաքված քաղաքացիներից շատերը համոզված էին, որ իրենց խնդիրը առաջացել է ոչ այնքան տնօրինության պատճառով, այլ իշխանության մեղքով։

«Սա սպիտակ եղեռն է։ Եթե Սերժ Սարգսյանը նորմալ նախագահ լիներ ու ընտրված լիներ ժողովրդի կոմղից, այսօր մեր վիճակը այսպիսին չէր լինի» ,- բողոքում է աշխատակիցներից Ջուլյա Վարդանյանը։

Աշխատողների խնդիրը լսելու համար տոնավաճառ էր եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը, ով խնդրից ելք գտնելու նպատակով հանդիպեց տոնավաճառի տնօրեն Ռադիկ Սարգսյանի հետ։

Երկխոսությունից հետո Դավիթ Օհանյանը բորբոքված վաճառողներին վստահեցրեց, որ մինչև մայիսի 2 - ը կկազմակերպվեն համատեղ քննարկումներ և վաճառողները կկարողանան մինչև այդ օրը չտալ իրենց տեղավճարները։

« Մինչև ամսի 2 - ը թույլ տանք, որ տնօրինությունը քննարկում անի և պատասխանը փոխանցի ձեզ, իսկ այսօր բոլորդ վերադարձեք ձեր աշխատանքին մինչև խնդրին լուծում տրվի»,-ասաց նա։

Չնայած թաղապետը վստահեցրեց, որ խնդիրը ամենասեղմ ժամկետներում լուծում կստանա, վաճառողների մեծ մասը համոզված էր, որ սայլն այդպես էլ տեղից չի շարժվի և հրաժարվեցին վերսկսկել աշխատանքը: