Սիրիահային բիզնեսը սկսել չի հաջողվում (տեսանյութ)
Սիրիահայ Հովսեփ Վարդանյանին թույլ չեն տալիս հայրենիքում բիզնես սկսել։ Պատճառաբանում են թե խնդիրը անձնագրի հետ է կապված, մինչդեռ նա 2011թ.-ից նաեւ հայկական անձնագիր ունի։
«Օվիր գնացի, ինձ ասացին դու պրոբլեմ չունես, հայաստանցի ես, վերադարձա ռեգիրստր: Էստեղ ասացին քո հարցը օվիրի հետ չէ, հարկայինի հետ է: Հարկային գնացի, ինձ ասացին` քո հարցը էստեղ չի, օվիրում է: Մեզ ըսին, որ այս հարցը երկու օրեն կվերջանա, բայց արդեն տասնվեցերորդ օրն է»,- մեզ հետ զրույցում ասաց Հովսեփը:
Հեվսեփ Վարդանյանը նախկինում մի քանի անգամ հայրենիքում եղել էր, սակայն մեկ ու կես ամիս առաջ որոշում է կայացրել մշտապես Երեւանում ապելու մասին։ Ցանկանում է հագուստի խանութ բացել։ Արդեն համապատասխան տարածք է վարձակալել և բարեխղճորեն վճարում է վարձը, սակայն աշխատել դեռ չի կարողանում; Սփյուռքի նախարարությունից խոստացել են միջամտել եւ հարթել խնդիրը: Երեւանում իր ապրուստը չգտնելու դեպքում, նա ստիպված կլինի վերադառնալ Սիրիա կամ գնալ Լիբանան: «Կամ էլ մյուս տղաների պես վիզա կստանում ու դուրս կգնամ: Եթե ես այստեղ չկարողանամ աշխատել, ինձ համար դուրս ճամփորդելն ավելի լավ է»,- կարծում է Հովսեփը:
Մինչ Հովսեփը սպասում էր, սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ քննարկում է սիրիահայերին աջակցող մի շարք ծրագրերի արդյունքները։
«Լավ աշխատում են, բայց օգտական գործողության գործակիցը պետք է ավելի բարձր լինի»,- նիստի ժամանակ քննադատեց սիրիահայ բժիշկ Պետրոս Բոյաջյանը։
Նրա այս դիտարկումը վրդովեցրեց Հրանուշ Հակոբյանին: «Ես չգիտեմ այդպիսի օր կա՞, որ մենք օրվա կեսից ավելին սիրիահայերով չզբաղվենք։ Մենակ մի չորս հոգի մեր նախարարությունում են աշխատում»,- ավելի արդյունավետ աշխատելուն ի պատասխան ասաց Հրանուշ Հակոբյանը։