50 հազ. կրակոց են արձակել
Ինչո՞ւ կարկուտը մայիսի 12-ին փչացրեց բերքը։ «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռոբերտ Հովսեփյանն ասում է, որ ՀՀ տարածքը կարկտահարությունից ավելի արդյունավետ պաշտպանելու համար մեզ ավելի շատ նման կայաններ են հարկավոր:
«Այսօր տարածաշրջանում և նախկին ԽՍՀՄ երկրների շարքում միայն Հայաստանում կա հակակարկտային ծառայություն: Մենք ունենք 2 ռադիոլոկացիոն կայան` Լոռու և Արագածոտնի մարզերում, և 154 հակակարկտային կայան»,-ասաց նա։
Ըստ նրա՝ չորս մարզերում գործող հակակարկտային կայանները պաշտպանում են 50 հազար հեկտար տարածքից 13 հազարը: Մեկ կայանը պաշտպանում է միայն 500 քմ մակերեսով տարածք:
«Դրանք ավտոմատացված են և դեպի կարկտաբեր ամպը մոտ 50 հազար կրակոց է արձակվել` մեր վերահսկողության տակ գտնվող բոլոր կայաններից միասին վերցված: Սակայն, քանի որ այդպիսի կայանների քանակն այսօր քիչ է, իսկ կարկտահարությունը շատ ուժեղ էր, հնարավոր չեղավ խուսափել աղետալի հետևանքներից»,-ասաց նա։
«ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքերով` հակակարկտային կայաններն աշխատում են պրոպան գազով, որն ավելի մատչելի է ու անվտանգ, քան ացետիլենը, սակայն ունի նույն արդյունավետությունը։
ՀՀ ԱԻՆ համակարգի հսկողության տակ գտնվող հակակարկտային կայանների մյուս առավելությունն այն է, որ դրանց կրակոցները դեպի կարկտաբեր ամպեր ուղղորդվում են ռադիոլոկացիոն կայաններից ստացված տվյալներով, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետ ներգործություն իրականացնել տվյալ մթնոլորտային երևույթի վրա։
Նա պնդում է, որ կարկտաբեր ամպերի շարժումը և զարգացումը, ինչպես նաև կայանների իրականացրած բոլոր կրակոցներն ավտոմատ կերպով ամրագրվում են համակարգիչներում` վայրկյան առ վայրկյան։ Մինչդեռ մարզերում կան մասնավոր ընկերությունների կողմից տեղադրված կամ համայնքի կողմից շահագործվող բազմաթիվ կայաններ, որոնք չունեն այդ հնարավորությունը և իրականացնում են կամային կրակոցներ, ինչը կարող է հանգեցնել միանգամայն հակառակ արդյունքի, այսինքն` առաջացնել կարկտի տեսքով տեղումներ ու վնասել բերքը։