Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բուհերն ինքնակամ են փակվո՞ւմ (տեսանյութ)

Հասարակություն
7cbd8e9534c678a0d1c2b2f6b31ed5d2

ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանն այսօր որոշ լրագրողներից ստացավ շնորհավորանքներ և համբույրներ. մնացել է իր պաշտոնում: ՄԱԱ-ում Արմեն Աշոտյանը որոշել էր` խոսելու է բացառապես կրթության և գիտության ոլորտի միասին` ոչ մի հարցեր քաղաքականությունից: 

Իր ղեկավարության անցած չորս տարիների ձեռքբերումներից պարոն Աշոտյանը առանձնացնում է մի քանիսը: Հանրապետության 140 համայնքներում կարողացել են նախադպրոցական կրթության հաստատություններ բացել: «Մինչև 2017թ. ավարտը կունենանք 90% ընդգրկվածություն»,- ասաց Արմեն Աշոտյանը: Ձեռքբերումներից մեկն էլ այն է, որ առանց «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու կարողացել են կտրուկ կրճատել տղաների` տարկետման իրավունքով տեղերը:

«Յուրաքանչյուր տարի պետությունը 10 հազար տարկետման իրավունքով տեղեր էր հատկացվում տղաներին, իսկ 2010-ից այն չի անցնում 2500-ը»,- ասաց նախարարը:
Արմեն Աշոտյանը կրթության ոլորտի կարևոր ձեռքբերումներից մեկը համարում է մասնավոր բուհերի թվի կրճատումը: Ըստ նախարարի` դրանով կարողացան նոր չափանիշներ սահմանել կրթության ոլորտում: Պարոն Աշոտյանը վստահեցնում է` չկա նույնիսկ մեկ ուսանող, ով տուժել է իրենց գործունեության արդյունքում:

«Երկու անգամ նվազեցրել ենք մասնավոր բուհերի թիվը, և ֆակուլտետների թիվը նույնպես: Այս ընթացքում որևէ ուսանող, ով ցանկացել է շարունակել իր կրթությունը որևէ այլ բուհում, չի զրկվել այդ իրավունքից»,-ասաց նա։

Արմեն Աշոտյանը հստակ չի կարող ասել` առաջիկայում կավելանա արդյո՞ք փակված մասնավոր բուհերի թիվը, թե ոչ, սակայն դա շատ հավանական է համարում: «Բուհեր կան, որոնք ինձ անցյալ շաբաթ հաղորդագրություն են գրել, որ ուզում են փակվել և միանալ մեկ այլ բուհի: Լիցենզավորման նոր օրենք է ընդունվել, կարգերը խստացվել են, և հաջորդ շաբաթվանից կսկսվեն նոր ստուգումներ, որոնք նպատակը բուհ փակելը չէ»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Ինչ վերաբերում է համալսարաններում կրթության վարձերի բարձրացմանը, պարոն Աշոտյանը վստահեցնում է` վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանում ամեն ինչ բարձրացել է բացի ուսման վարձից: Նախարարն այնուհետև հստակեցրեց` ուսման վարձերի փոփոխությունը եղել է 20-100 հազար դրամով. «Սա վերաբերում է միայն այս տարի ընդունվողներին: Մնացած բոլոր ուսանողներն օրենքով երաշխավորված են: Նպատակը` դասախոսների աշխատավարձը բարձրացնելն է»,- ասաց պարոն Աշոտյանը: