Քանի՞ տարեկան են Երեւանի ատրակցիոնները
ՀՀ տարածքում գրանցված են ու շահագործվում են 126 ատրակցիոն, որոնցից 83-ը՝ Երեւանում, 6-ը` Կոտայքի մարզում, 9-ը` Լոռում, 19-ը` Շիրակում եւ 9-ը` Սյունիքի մարզում։
«Ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող ատրակցիոն տարեկան 1 անգամ ենթարկվում է տեխնիկական անվտանգության փորձարկման ու փորձաքննության դրական եզրակացությունից հետո միայն հանձնվում շահագործման։ Այս տարի դրական եզրակացություն ստացել են միայն 9-ը, 53-ը փորձաքննության փուլում են, մնացածի տեխզննումը դեռ ժամկետի մեջ է»,- վստահեցնում է ԱԻՆ տեխանվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների եւ ճոպանուղիների տեխանվտանգության փորձագետ Լուսինե Հովհաննիսյանը:
Ատրակցիոնների տեխնիկական փորձաքննության ծառայությունը վճարովի է ու յուրաքանչյուր զբոսայգու տնօրինություն պարտավոր է տարին մեկ անգամ անցկացնել այդ փորձաքննությունը:
Չնայած Հայաստանի ատրակցիոնների գրեթե 70 տոկոսը խորհրդային տարիների արտադրանք են, բայց դեռեւս ոչ մի ատրակցիոն փորձաքննության բացասական եզրակացություն չի ստացել:
«Ատրակցիոնը իրավունք չունի շահագործվելու այն ժամանակ, եթե փորձաքննության ընթացքում հայտնաբերվեն այնպիսի թերություններ, որոնք իրենց բնույթով տեխնածին վթարի սպառնալիք են ներկայացնում: Իսկ եթե թերությունների հայտնաբերման դեպքում, որոնք իրենց բնույթով տեխնածին վթարի սպառնալիք չեն ներկայացնում, կազմվում են միջոցառումների ծրագիր, նշվում են թերությունները, կազմակերպությանը տրվում է ժամանակ, որպեսզի վերացնեն այդ թերությունները»: Լուսինե Հովհաննիսյանը հավելեց նաեւ, որ ատրակցիոնների շահագործման միջին ժամկետը 35-50 տարի է, հատկապես այն դեպքում, երբ նրանք սեզոնային են աշխատում` 4-5 ամիս:
Ինչ վերաբերում է նոր ատրակցիոններին, ապա դրանք չեն շահագործվում, մինչեւ չեն ստանում փորձաքննության դրական եզրակացություն, վստահեցրեց մասնագետը: Այդպիսիք Երեւանում, այս տարի 7-ն են: