Կոշկակարի հաճախորդներն էլ են պակասել (տեսանյութ)
46-ամյա Սմբատ Կիրիշչյանի մատներն այլեւս չեն զգում ասեղի ծակոցները: Նա 20 տարվա կոշկակար է:
Վարպետն ասում է, որ կոշկակարությունը վիրահատության նման մի բան է եւ հպարտանում, որ իր ձեռքերով երկրորդ կյանք են ստանում կոշիկները:
Եթե նա նախկինում խիստ ծանրաբեռնված էր աշխատում, այսօր դժգոհում է անգործությունից:
«Հաճախորդների հոսքը քանի գնում վատանում է, ժողովրդի վիճակը լավ չի: Շատ էժան կոշիկ են առնում, սարքելու ենթակա չի, գցում են, նորից են առնում: Չինական կոշիկն է էժա՞ն, թե՚՞ իտալական, պարզ չի՚, որ չինական։ Մի հատ հագնում են, մաշում Է»,-ասում է կոշկակարը:
Վարպետը նշում է, որ անորակ կոշիկների վաճառքը շատացել է, քանի որ քաղաքացիները իրենց ֆինանսական կարողությունից ելնելով, հենց դա են գնում:
Նա հաճույք է ստանում հատկապես որակյալ կոշիկներ նորոգելիս, ասում է՝ դրանց կյանքը երկար է, սակայն չի հիշում, թե վերջին անգամ, երբ է նման հնարավորություն ունեցել:
Նրբանկատ վարպետը իր աշխատանքի ընթացքում տարբեր դեպքերի է ականատես լինում: Հաճախորդի կոշիկից շատ բան է կռահում նրա սոցիալական վիճակի, կենցաղի, հոգեվիճակի մասին:
«Կարող է 4-5 տարվա կոշիկ լինի, բերում է , ինքը ինձ չի ասում փող չունեմ, ասում է իմ ոտին հարմար է, դրա համար բերում է, բայց ես զգում եմ, որ ինքը նորն ի վիճակի չի առնի»,-ասում է Կիրիշչյանը:
Երկարամյա կոշկակարը բոլորին խորհուրդ է տալիս գնել միայն բնական կաշվից եւ բնական մորթուց պատրաստված կոշիկներ, վստահեցնում է, որ այն ավելի է մատչելի, քան մի քանի անորակ կորշիկները միասին:
«Հայկական կոշիկ գնեն, եթե կարան կոշկակար ճարեն, գնան կոշկակարի մոտ, զակազ տան հագնեն, չինական թող չհագնեն»,-հավելում է Կիրիշչյանը:
46 ամյա կոշկակարը Երեւանի կենտրոնում օրվա ընթացքում միջինը 5 հաճախորդ է սպասարկում; Լավագույն դեպքում 4000-5000 դրամ է վաստակում, որից տեղի վարձ է տալիս ու հարկեր վճարում:
«Վարձով դժվար է, յոլա ես գնում էլի, 30 հազար վարձն է, 7000 էլ հարկն է»,-հավելում է Կիրիշչյանը:
Իր անձնական խնդիրների մասին վարպետը համեստորեն լռում է, միայն նշում է, որ ընտանիքի միակ աշխատողն է: