Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոգեգալստյան տոնը` մայիսի 19-ին

Հասարակություն
1334a95db52238e9d83d68dd5586ab00

Այս տարի Հոգեգալստյան տոնը՝ Պենտեկոստե, կնշվի մայիսի 19-ին:
Առաքյալների վրա Սբ. Հոգու իջման հիշատակության Տոնն է, որ տեղի է ունեցել Սբ. Հարության հիսուներորդ օրը:

Այդ պատճառով էլ Հոգեգալուստը միշտ տոնում են Զատիկից հիսուն օր հետո: Սբ. Հոգին Սբ. Երրորդության երեք անձերից մեկն է, համագո եւ հավասար Հորը եւ Որդուն:

Քրիստոնեական Եկեղեցում շնորհի վարդապետությունը կապված է Սբ. Հոգու հետ: Ըստ այդ վարդապետության՝ յուրաքանչյուր առաքինություն աստվածային պարգև է, որ տրվում է հավատացյալին Սբ. Հոգուց, և որևէ առաքինության վերագրումը սեփական անձին և ոչ թե Աստծուն, հպարտության տանող մեծ մեղք է: Հետևաբար, Հոգեգալստի հիշատակումը նաև կոչ է յուրաքանչյուր հավատացյալին` հպարտությունից խուսափել և աստվածային շնորհներով միայն բարի գործեր կատարել: Երկուշաբթիից սկսվում է Եղիական պահքը:

Հայ Առաքելական եկեղեցու կողմից սահմանված տարվա չորս եղանակի պահքերից սա ամառնամուտի շաբաթապահքն է: Ինչպես մյուս եղանակների պահքերը, Եղիական պահքը ևս եկեղեցական որեւէ տոնի պատրաստություն չէ: Ըստ ավանդության` Եղիական է կոչվում միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակիին` Եղիա մարգարեի հիշատակության տոնին: Ամառվա այս պահքն սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը` Հոգեգալստյան կիրակի):

Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչև հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Մյուս եղանակների պահքերի նման, այս պահքը ևս տեւում է 5 օր` երկուշաբթիից մինչև ուրբաթ:

Qahana.am