Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանձնաժողովը տուգանեց անբարեխիղճներին (տեսանյութ)

Տնտեսություն
e002b3221280270c1e6d66fb14b96f3d

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա նիստում հրապարակվեցին համակարգչային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Nout.am» և «Այ թի մաստեր» ընկերությունների հանդեպ հարուցված վարչական վարույթների արդյունքները:

Այս երկու ընկերությունները գովազդում են այնպիսի ծառայություններ, որոնք իրականում չեն մատուցում։ «Nout.am» համակարգչային տեխնիկայի խանութ-սրահի մուտքի մոտ փակցված է գովազդային վահանակ՝ «Ապառիկ ձևակերպումն իրականացվում է տեղում՝ միայն անձնագրով, կանխավճար՝ 0%» բովանդակությամբ։ Սակայն հանձնաժողովը պարզել է, որ այն իրականությանը չի համապատասխանում։

«Այ թի մաստեր»ը ևս հաճախորդներին չի տրամադրում համակարգիչներ այն պայմանով, որը ներկայացնում է գովազդում։
Ընկերությունների նման վարքագիծը հանձնաժողովի որակմամբ անբարեխիղճ մրցակցության դրսևորում է։ ՏՄՊՊՀ -ն այս ընկերությունների հանդեպ կիրառեց տուգանք՝ յուրաքանչյուրին տարեկան հասույթի մեկ տոկոսի չափով, ինչը օրենքով նախատեսված առավելագույն պատժաչափն է։

Հանձնաժողովը քննեց նաեւ այլ հարցեր։

Քիմիական ապրանքների արտադրությամբ զբաղվող «Քրաուն Քեմիքալ» ընկերությունը ՏՄՊՊՀ է ներկայացրել դիմում՝ հայտնելով, որ շուկայում հայտնվել են «Քրաուն Գոլդ» անվանմամբ քիմիական ապրանքներ, որոնց պիտակները արտաքնապես գրեթե չեն տարբերվում իրական արտադրողի արտադրատեսակներից:

Հանձնաժողով է դիմել նաեւ մսամթերքի արտադրությամբ եւ իրացմամբ զբաղվող «Բարի Սամարացի» ընկերությունը, տեղեկացնելով, որ «Էրզրում» ընկերությունը «Բարի Սամարացի նրբահամ եփած երշիկ» եւ «ECO PICANT ЕРЗРУМ ERZRUM ԷՐԶՐՈՒՄ» անվանմամբ երշիկների է արտադրել ու տվել վաճառքի: Նշենք, որ վերոնշյալ ապրանքային նշանները «Բարի Սամարացի» ընկերության կողմից գրանցված են մտավոր սեփականության գործակալությունում, ինչը նշանակում է, որ որեւէ այլ ընկերություն իրավունք չունի օգտագործել դրանք:

«Պռոշյանի կոնյակի գործարանը» դիմել է հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ մտավոր սեփականության գործակալությունում գրանցել եւ ստացել է 21 տեսակի հուշանվերային շշերի ապրանքային նշանների նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրեր: Սակայն շուկայում հայտնվել են նույն շշերով լցված կոնյակներ, որոնք իրացվում է «Բերդաձոր» ապրանքային նշանի ներքո:

Այլ ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը օրենքի խախտում է, քանի որ այն սպառողի մոտ կարող է առաջացնել շփոթություն իրական արտադրողի գործունեության կամ առաջարկվող ապրանքի նկատմամբ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ երեք դեպքում էլ օրենքի խախտում թույլ տված ընկերությունները ընդունել են իրենց մեղքը եւ պարտավորվել վերացնել խախտումը, բացի այդ շուկային եւ սպառողներին հասցված վնասի չափը մեծ չէ, հանձնաժողովը որոշեց այդ ընկերությունների տալ խիստ նախազգուշացում՝ հետագայում խախտումները բացառելու հանձնարարականով:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը նշեց, որ նման երեւույթները շատացել են, բազմաթիվ են դեպքերը, երբ տնտեսվարողները փորձում են Հանձնաժողովի օգնությամբ լուծել իրենց խնդիրները: Սակայն Հանձնաժողովի կողմից վարչական վարույթ նշանակելուց հետո, որպես կանոն, խախտող կողմը խնդրում է հաշտություն, իսկ դիմումատուն էլ իր հերթին խնդրում է կարճել վարույթը։ Արտակ Շաբոյանը նշեց, որ հաշտության առկայության դեպքում Հանձնաժողովը մեղմ է վերաբերում՝ բավարարվելով նախազգուշացմամբ, սակայն բոլոր դեպքերում՝ երեւույթին տալիս է իր գնահատականը: