Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կձերբակալվի՞ Արտակ Բուդաղյանը (տեսանյութ)

Հասարակություն
040e27c060a326ffd4d194c2dd94106a

Ըստ ՊՆ քննչական ծառայության մի որոշման` կալանքից ազատվել են ՊՆ Ասկերանի զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբոր սպանության մեջ կասկածվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանն ու թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Մեկ այլ, ավելի ուշ կայացված որոշմամբ էլ` քրեական գործ էր հարուցվել Արտակ Բուդաղյանի նկատմամբ` Քր.Օր. 137 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը»:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարարության քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ փորձաքննությամբ ապացուցվել է, որ Արտակ եւ Ավետիք Բուդաղյանների մարմինների վրա եղած վնասվածքները թիկունքից չեն եղել, ինչպես ասում էր նրանց փաստաբան Հայկ Ալումյանը, այլ եղել են միեւնույն զենքից, որը պատկանել է Տիգրան Խաչատրյանին։ Ըստ նրա` Ավետիք Բուդաղյանի մեկ մարմնական վնասվածքը եղել է Զարզանդ Նիկողոսյանի կողմից գործածված ատրճանակից։

Պարոն Հարությունյանը նաեւ հավելեց, որ դեպքի վայրում երեք տեսակի զենք է կիրառվել, որոնցից 5 գնդակ արձակվել է Տիգրան Խաչատրյանին պատկանող, 6-ը` Զարզանդ Նիկողոսյանին պատկանող, իսկ մեկը` Ավետիք Բուդաղյանին պատկանող զենքից: Ի դեպ, նա ընդգծեց, որ դեպքի վայրում իրենք հայտնաբերել ու առգրավել են երկու զենք, որոնցից մեկը պատկանում է Ավետիք Բուդաղյանին, որը ինքնաշեն էր ու ապօրինի, մյուսը պատկանել է Սուրեն Խաչատրյանին:

Արմեն Հարությունյանի վստահեցմամբ` ինքն անձամբ եղել է դեպքի վայրում ու կարող է հավաստիացնել, որ Արտակ Բուդաղյանի այն խոսքերը, թե թիկունքից կրակոցը եղել է Սուրեն Խաչատրյանի առանձնատան պատշգամբից, սխալ են` տան այդ հատվածում չկա պատշգամբ:

Այնուհետեւ, պարոն Հարությունյանն ընդգծեց, որ այսօր չի հրավիրել ասուլիս, որպեսզի իրավական գնահատականներ տալ եւ միաժամանակ հավաստիացրեց, որ իրենց որոշման որեւիցե ճնշում չի եղել:

Այն հարցին, թե արդյոք սկզբում տուժող կողմ հանդիսացող, իսկ ապա` քրեական գործով մեղադրյալ դարձած Արտակ Բուդաղյանի նկատմամբ ձերբակալության որոշում կկայացվի՞, Արմեն Հարությունյանը հստակ պատասխան չտվեց` նշելով, որ այս պահին նման հիմքեր դեռ չկան: