Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատամարտիկները չեն պառակտվել (տեսանյութ)

Հասարակություն
4341fd61263f96342f9d5c5b719ff42a

Պետք է ստեղծել Հայոց աշխարհազոր: Այս նպատակը իրականություն դարձնելու համար Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհուրդը վաղը ժամը 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում։

«Մենք գտնենք ճանապարհ, օր առաջ ազատվելու այս իշխանություններից, որովհետեւ ինչքան շուտ ազատվենք այս իշխանություններից, այնքան քիչ մարդ կտուժի»,- այսօր «Ա1+»-ին ասաց ազատամարտիկ Լեռնիկ Մաղաքյանը։
Իսկ Էդվարդ Ներսիսյանն էլ ավելացրեց. «Ազգը պահանջում է, որ իր երեխայի ապագան պայծառ լինի, եւ դա բոլորիս պահանջն է»։

Հայոց աշխարհազոր ստեղծելու համար արդեն 2-րդ շաբաթն է՝ Ազատության հրապարակում ստորագրահավաք է իրականացվում։ Ազատամարտիկների գաղափարը ողջունել են 800-ից ավելի քաղաքացիներ։ Ակցիային միացած շարքային քաղաքացի Սամվել Գալստյանը հավատացած է. «Առանց փոփոխությունների հնարավոր չէ ազգի առաջխաղացումը»։

Ազատամարտիկ Մհեր Մազմանյանը բոլորին հիշեցնում է, որ ազատամարտիկն արդեն ուժ է, եւ ուժին միանալով կարող են հասնել հաջողության. «Հաջողություն ասածը ազատ եւ պայծառ հայրենիք ունենալն է»։

Ազատամարտիկները հերքում են այն տեսակետը, թե իրենք պառակտվել են: Ասում են, որ նախապես որոշված ծրագիր էր՝ խմբերի բաժանվելն ու տարբեր հարցեր բարձրացնելը։
Ի դեպ, սոցապնախարար Արտեմ Ասատրյանն այսօր հանդիպել է սոցիալական փաթեթի բարեփոխում պահանջող ազատամարտիկների հետ; Նա նշել է, որ
նախատեսված փոփոխություններն արդյունավետ իրականացնելու համար, անհրաժեշտ է կատարել մարտական գործողությունների մասնակիցների ընդհանուր հաշվառում, ուստի ստեղծվելու է միջգերատեսչական հանձնաժողով։

 


.