Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք մեր տունն ենք ուզում»

Հասարակություն
c5fd253789d5e4dd2342b9d9ac64cf2b

«Անկախ հնարավոր պարտադրանքներից՝ հայոց ինքնիշխանության դեմ ոտնձգության ողջ պատասխանատվությունը կրում է ներկայիս իշխող վարչախումբը՝ հանցակցաբար իր նախորդների և ինտեգրացիոն ռազմավարության բազմազան ջատագովների հետ»,- ահա այս բովանադակությամբ նամակով այսօր «Հայազն» կուսակցության անդամները դուրս էին եկել բողոքի երթի՝ մաքսային միությանը միանալու իշխանության որոշման դեմ։

«Հայազն» կուսակցության մամուլի խոսնակ Արմեն Հովհաննիսյանը գտնում է, որ մաքսային միությունը որևէ օգուտ չի տալիս, անգամ եթե օգուտներ լինեն, վնասները շատ ավելի խորքային են ։

«Սրանց ստորագրությունները ոչ մի ուժ չունեն», «Ինքնիշխան Հայաստան», «Անկախությունը վաճառողը դավաճան է» պաստառներով և դրոշներով նրանք կառավարության շենքի դիմացից շարժվեցին դեպի Բաղրամյան 26։ Սակայն «Հայազն» կուսակցությունը դեմ է արտահայտվում նաև Եվրամիության հետ գաղափարական մերձեցմանը։ Կուսակցության անդամ Խորեն Հարությունյանը գտնում է, որ ցանկացած ինտեգրում դավաճանություն է, եթե ինտեգրվում ենք, հանդիպում են ինչ-որ պարտականություններ այդ կառույցների նկատմամբ, որոնք Հայաստանում չեն կենտրոնացված։

Նրանք պնդում են, որ Հայաստանի առջև ծանրացած խնդիրները չեն կարող լուծվել այնպես, ինչպես Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի խնդիրները, քանի որ
«Մեզ պետք է սպեցիֆիկ տնտեսական քաղաքականություն, այլ ոչ թե միասնական տնտեսական քաղաքականություն, որը կլինի մաքսային միությունում, կամ ասենք եվրոպական միության կից ասոցացման համաձայնագրի շրջանակներում»,- ասում է «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը։

Ողջ երթի ընթացքում նրանք իրենց նամակը չհանձնեցին ոչ կառավարություն, ոչ Արտաքին գործերի նախարարություն, ոչ էլ նախագահին, քանի որ նրանց օրինական չեն համարում և ներկայիս իշխանություններին համարում են ազգային իղձերի հիմնական խոչընդոտներից մեկը։ Կուսակցության անդամներն այսօր Սերժ Սարգսյանից ավելի խիստ քննադատության ենթարկեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին։ Արմեն Հովհաննիսյանը հավելեց, որ արտգործնախարարը թյուրիմացություն է. «Ես անգամ չեմ ուզում խոսել, որովհետև նա քննարկման ֆիգուր չէ»։

Հայազնցիները պնդում են, որ իրենց միակ նպատակը ազգային պետության կերտումն է, իսկ համագործակցությունը այլ պետությունների հետ չեն ժխտում, միայն թե՝«Նորմալ , երկկողմանի, փոխշահավետ, առանց ինքնիշխանությունը տրորելու, առանց խալաթ հագցնելու, առանց իրար նվաստացնելու, իրար հարգելով , իրար ճանաչելով։ Մենք շատ տարրական բան ենք ասում, մենք մեր տուն ենք ուզում»։