Պետությունն ամեն ինչին նայում է մատների արանքով (տեսանյութ)
«Ոչ ոքի մտքով չէր կարող անցնել, որ Փակ շուկան այսպես կաղավաղվի»,- այսօր կայացած ասուլիսին հայտարարեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։ Նրա կարծիքով՝ այս ամենը սկսվեց այն ժամանակ, երբ տեղի ունեցան հախուռն շինարարական աշխատանքներ, ու կառավարությունը չմիջամտեց։
Ըստ Մինասյանի` պետությունն ամեն ինչին նայում է մատների արանքով, որի պատճառով էլ կորցնում ենք մեր հուշարձանները: «Փակ շուկայի պահպանման համար արդեն երկու տարի պայքարում ենք: Սեփականատերը չի հասկանում, որ կարելի է շուկան ադապտացիայի ենթարկել, բայց պետք է համապատասխան նախագիծ ներկայացնել պատկան մարմիններին, հասարակությանը տեղեկացնել` ինչ ենք ստանալու ադապտացիայից հետո»,- ասաց ճարտարապետների միության նախագահը։
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը հիշեցրեց Կռիլովի հայտնի առակներից մեկը, երբ կատուն սեղանից տանում է միսը, իսկ խոհարարը սկսում է նրա գլխին քարոզ կարդալ` ասելով, որ չի կարելի նման բան անել. «Մենք հիմա մոտավորապես այդ վիճակում ենք հայտնվել. կատուն գողացել է միսը, իսկ կառավարությունը մեր ու կատվի գլխին քարոզ է կարդում: Քանի դեռ կտրուկ ու գործնական քայլեր չի ձեռնարկի կառավարությունը, կատուները կշարունակեն գողություն անել»։
Ասուլիսին ներկա ճարտարապետների պահանջը մեկն է՝ Փակ շուկան` որպես պատմամշակութային հուշարձան, վերադարձնել հանրությանը։