«Ո՞վ է կանգնած Ամիրխանյանի թիկունքում»
Ռոբերտ Ամիրխանյանը մենաշնորհել է Հայաստանում կոմպոզիտորների միությունը։ Կոմպոզիտորները խիստ վրդովված են իրենց միության նախագահի վարքից;
«Առանց չափազանցնելու սուլթան է, այնտեղ հավաքվում են մարդիկ՝ միայն իրեն գովաբանելու համար, 22 տարվա ընթացքում որեւէ ստեղծագործական քննարկում չի անցկացվել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց արվեստի վաստակավոր գործիչ Լեւոն Չաուշյանը։
Այսօր կոմպոզիտորների միության անդամների 1/3-րդը Ռոբերտ Ամիրխանյանից պահանջում են արտահերթ համագումար հրավիրել՝ իրենց անելիքները հստակեցնելու համար;
Նրանց խոսքերով՝ Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության վերջին համագումարը տեղի է ունեցել 2009 թ. մայիսի 23-ին, եւ Ռոբերտ Ամիրխանյանի լիազորությունները, որպես միության նախագահ, ավարտվել են 2011թ.-ին։ Այս հարցին իրավական գնահատական տալու համար կոմպոզիտորները նաեւ փաստաբանի հետ են աշխատում։
«Սա նշանակում է, որ ՀԿ-ն չունի օրինական նախագահ, որը լիազորված կլիներ համագումարի կողմից ներկայացնելու այդ կազմակերպությունը։
Ռ. Ամիրխանյանը հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել՝ պատճառաբանելով, թե համերգային փորձի մեջ է: Նա հայտնեց, որ ուժի մեջ է իր այն խոստումը, թե հոկտեմբերի 26-ին համագումար է հրավիրելու։ Իսկ իր դեմ բողոքողներին մամուլով անվանել էր «5-6 մոլորյալներ», մինչդեռ արտահերթ համագումար հրավիրելու պահանջի տակ ստորագրել է 43 կոմպոզիտոր։
Իսկ ինչո՞ւ է Ռոբերտ Ամիրխանյանը անտեսում իր գործընկերների պահանջները, ո՞վ է կանգնած նրա թիկունքում։
«Ես նրան թիկունքից չեմ նայել, ուստի չեմ կարող ասել, թե ով է կանգնած նրա թիկունքում, բայց երեւի ինչ-որ համոզմունք ունի, որ ինքը անձեռնմխելի է»,- եզրափակեց ՀՀ Ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը։