Հայտարարություն սփյուռքից
«Արդար Հայաստան» նորաստեղծ սփյուռքահայ կազմակերպությունը ուշադրությամբ հետևում է վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և խաղաղ ակցիաներին, որոնց միջոցով քաղաքացիական ակտիվիստները պայքարում են հասարակական կարևորություն ունեցող մի շարք խնդիրների շուրջ:
Ակտիվիստների նպատակը օրենքի գերակայության հաստատումն է՝ Ծածկած Շուկայում, Կոմիտաս 5-ում և այլ վայրերում տեղի ունեցող ապօրինի շինարարությունների, ինչպես նաև տրանսպորտի սակագների և այլ չլուծված խնդիրների շուրջ: Մեզ խիստ անհանգստացնում և վրդովեցնում են տեղի ունեցող անարդար և ապօրինի գործողությունները, ինչպես նաև ակտիվիստների նկատմամբ պետական մարմինների կողմից դրսևորած անարդար և կոպիտ վերաբերմունքը:
Ոստիկանությունը ակտիվիստներից շատերին պարբերաբար և առանց օրինական հիմունքների բերման է ենթարկում՝ այսպիսով խոչընդոտելով նրանց իրականացնել սահմանադրությամբ իրենց վերապահված խաղաղ ակցիայի իրավունքը: Ոստիկանության կողմից հաճախ կիրառվում է բռնի ուժ և ահաբեկվում են իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիները: Այս ամենին զուգահեռ ակտիվիստները ենթարկվում են խուլիգանական հարձակումների, ահաբեկման և ծեծի նաև հանցագործ տարրերի կողմից, որոնք չեն թաքցնում իրենց պաշտոնյաների հետ կապված լինելը:
Չնայած տուժած քաղաքացիների բողոքներին, նման դեպքերից ոչ մեկը դեռևս չի բացահայտվել և մեղավորները չեն պատժվել:
Առավել տագնապ է պատճառում այն, որ բողոքի մասնակիցներից երկուսի՝ Արգիշտի Կիվիրյանի և Դմիտրի Հարությունյանի դեմ կեղծ քրեական գործեր են հարուցվել՝ մեղադրելով նրանց ոստիկանների նկատմամբ ուժ կիրառելու մեջ: Անարդարության և ապօրինության նմանատիպ խիստ դրսևորումները մեծ զայրույթ են առաջացրել սփյուռքահայ համայնքում:
Չափազանց անհանգստացած ենք նաև իմանալով, որ վերջերս Ծածկած Շուկայի սեփականատիրոջ թիրախն է դարձել Նյու Յորքի հայ համայնքի ակտիվ և հարգված անդամներից մեկը՝ Կարո Եղնուկյանը, ով բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկն է: Նա մի քանի տարի առաջ ընտանիքով տեղափոխվել և բնակվում է հայրենիքում:
Շուկայի սեփականատերը՝ հայտնի օլիգարխ և ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրապարակայնորեն զրպարտություն, ատելություն և կեղծ մեղադրանքներ է տարածում Կարո Եղնուկյանի հասցեին՝ վտանգելով նրա և նրա ընտանիքի անվտանգությունը և վնասելով Եղնուկյանի բարի համբավը: Զրպարտանքները արդեն մեկ շաբաթից ավել է շարունակվում են, սակայն պատշաճ մարմինները դեռևս ոչինչ չեն ձեռնարկել:
Ոստիկանության և դատաիրավական համակարգի կողմից կիրառվող նմանատիպ կոպիտ անարդարություններն ու ապօրինությունները խստորեն դատապարտելի են և պատիվ չեն բերում մեր ազգին: «Արդար Հայաստան» կազմակերպությունը իր օժանդակությունն է հայտնում Հայաստանի բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քաղաքացիական խաղաղ պայքարի միջոցով պայքարում են Հայաստանի Հանրապետությունում արդարության և օրինականության հաստատման համար:
ՀՀ ոստիկանությունից և դատաիրավական համակարգից պահանջում ենք.
1. Դադարեցնել Արգիշտի Կիվիրյանի և Դմիտրի Հարությունյանի դեմ քրեական հետապնդումները:
2. Դադարեցնել բոլոր ապօրինի ձերբակալությունները, անհիմն բերման ենթարկելու և ոստիկանական ահաբեկման պրակտիկան:
3. Անմիջապես արգելել Կարո Եղնուկյանի դեմ սանձազերծած զրպարտանքների տարածումը և մեղավոր կողմին ենթարկել իրավական պատասխանատվության:
4. Բացահայտել և պատժել քաղաքացիական ակտիվիստերին հալածող քրեական տարրերին: