«Քաղաքապետը հանցավոր լռություն է ցուցաբերում»
Երկու ամիս առաջ Երեւանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկած նստացույցը շարունակվում է։ «Հանրությունը վճռական է իր պահանջների հարցում։ Պահանջը հանրային է եւ բխում է հանրության շահերից»,- «Ա1+»-ին հայտնեց քաղաքացիական ակտիվիստ Վահագն Մինասյանը։
Նստացույցի մասնակիցները Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից շարունակում են պահանջել քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս»-ի տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանկությունները։
«Տարոն Մարգարյանը իրավասու է այս պաշտոնյաների հետ կապված խնդիրը լուծելու, ներկայացված են նաեւ իրավական հիմքերը, սակայն նա հանցավոր լռություն է ցուցաբերում, ասեմ ավելին, նա այնքան խղճուկ կերպարի մեջ է հիմա, որ տպավորություն է ստեղծվում, թե քաղաքապետ կոչվածը որեւէ լիազորություն չունի»,- ավելացրեց Վահագն Մինասյանը։
Իրենց պահանջին չարձագանքելու դեպքում ակտիվիստերը խոստանում են պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Դրա համար նրանք արդեն մի քանի հիմքեր ունեն, որոնցից մեկը 6 օր առաջ Երեւանի ավագանու նիստին՝ակտիվիստների ներկայությունը մերժելն էր։ Թեեւ այդ օրը քաղաքապետարանի մոտից բերման ենթարկված ակտիվիստների նկատմամբ վարչական արձանագրություն է կազմվել՝ 50 հազար դրամ տուգանք, սակայն նրանցից Սուրեն Սահակյանը չի պատրաստվում վճարել այդ գումարը։