Չրի արտահանման ծավալը նվազել է
Այսօր հանրապետությունում գործում է ավելի քան 250 արևային չորանոց, տարեկան արտադրվում է 2000 տ չորացված պտուղ բանջարեղեն։ Դրա շուրջ երեսուն տոկոսը արտահանվում է։
Չրագործները վստահեցնում են, որ չորացված մթերքի արտահանման ծավալը վերջին տարիներին նվազել է։ Նրանք վստահեցնում են, որ նվազման պատճառները շատ են:
«Չիր» ձեռնարկության տնօրեն Տիգրան Ծատուրյանը որպես հիմնական պատճառ նշում է դրամի արժեւորումը: «2004 թվականից սկսած` դրամի արժեւորման պատճառով մենք այս երկու-երեք տարիների ընթացքում կորցրեցինք մոտ 120.000 դոլար:
Նվազեցին նաեւ մեր ներդրումները, որովհետեւ արտահանման խնդիրների հետ կապված` պակասեցին մեր շրջանառու գումարները»,- ասում է ձեռնարկության տնօրենը։ Չորանոցում պատրաստված չիրը մեծամասամբ արտահանվում է Ֆրանսիա, Շվեյցարիա և այլ Եվրոպական երկրներ։ Այսօր ձեռնարկության ղեկավարը արտահանման ծավալները նվազեցրել է մինչեւ 70 տոկոս: Արտահանումն իրականացվում է միայն պատվերների շրջանակներում: Ձեռնարկության տնօրենը մեզ հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի շուրջ 1 տոննա չորացած միրգ- բանջարեղեն են արտահանել, իսկ նախկին տարիներին այդ թիվը 5 տոննայի էր հասնում։ «Այս տարի էլ ենք քիչ միրգ չորացրել, մեկ տոննա հազիվ հասնի, միրգը քիչ է, եղածն էլ լավ որակով չի»,- մանրամասնեց չրագործը։
«Մենք Եվրոպայում գին չենք թելադրում եւ ստիպված ենք հաշվի նստել ուրիշ երկրների արտադրողների գների հետ: Այս պայմաններում պարզ է դառնում, որ մենք այլեւս դադարում ենք մրցակից լինել: Հայկական չրերի ինքնարժեքը երկու-երեք անգամ բարձր է, քան, ասենք, եվրոպական շուկա մտած թուրքական չրերինը։ Թուրքական չիրը վաճառվում է կիլոգրամը 1-2 դոլարով, հայկական չիրը՝ 5-6 դոլարով»,- ասաց Տիգրան Ծատուրյանը։
Չրագործությունը զարգացնելու և հայկական չրի արտահանման ծավալները ավելացնելու համար Տիգրան Ծատուրյանը մեկ ելք է տեսնում՝ այգիներ հիմնել ու ծառեր տնկել. «Եթե Արարատյան դաշտավայրում շատ մրգատու ծառեր տնկեն, բերքը առատ լինի, կկարողանանք չիր արտադրել ու մեծ ծավալներով դուրս արտահանել»։