Խաղողի ոլորտում շրջադարձային վիճակ է
«Այս տարի խաղողի շատ լավ բերք ունենք», - այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը։
Ըստ նրա` միտումն այնպիսին է, որ մյուս տարի մենք գյուղացուն կխնդրենք` խաղող մթերի, այնինչ նախկինում գյուղացին էր խնդրում, որ իր խաղողը մթերեն: «Խաղողի ոլորտում շրջադարձային վիճակ է»,- ասաց Ավագ Հարությունյանը:
Նա հայտնեց, որ պաշտոնական տվյալների համաձայն` այս տարի 160 հազար տոննա տեխնիկական խաղողի բերք կլինի, իսկ մթերման գինը սկսվում է 145 դրամից: Ավագ Հարությունյանին կարծիքով՝ խաղողի մթերման համար սահմանված գինը ցածր է. «Գյուղացին եթե շատ այգի ունենար, ապա իր համար շահութաբեր կլիներ խաղողի սահմանված գինը, սակայն հիմնականում գյուղացիները շատ քիչ հեկտար են ունենում, և այս պարագայում շահութաբեր կլիներ 180-200 դրամով վաճառելը»։
Ավագ Հարությունյանը նաև ասաց, որ խաղողի բերքատվության առումով ներկայացված թվերը իրական չեն։
Գինեգործների միության նախագահի խոսքով՝ այս տարի մթերող կազմակերպությունների հետ գյուղացիներն ընդհանրապես խնդիրներ չեն ունենա. «Մթերող ընկերությունների հետ գյուղացիները նախապես կնքել են պայմանագրեր»։
Ասուլիսի բանախոսը նաև արձանագրեց, որ վերջին տարիներին խաղողի մոտ 200 տեսակներ անհետացման եզրին են հայտնվել. «Գյուղերում շատ այգիներ քանդվել են, դրա պատճառով նաև շատ հին սորտեր են վերացել»։