Գծատերը պատերազմ է հայտարարում
Երթուղայինների գծատերերը պատրաստվում են կրկին դիմել քաղաքապետարան՝ ուղեվարձերը թանկացնելու պահանջով։ Այս հարցի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպումից հետո ընթացող թեժ քննարկումների ժամանակ հայտնեց գծատերերից մեկը։ Այս անգամ նրանք կպահանջեն ավելին, քան 150 դրամ։
Լրագրողներից մեկի այն պնդմանը, որ գծատերերը ամեն դեպքում պարտավոր են պատշաճ ծառայություն մատուցել հասարակությանը՝ մի գծատեր պատասխանեց, որ ինքը ոչինչ ոչ մեկին պարտավոր չէ, քանի որ ինքը սեփականատեր է և տնօրինում է իր սեփականությունը, ինչպես ցանկանում է։
Հայաստանի Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանի խոսքով՝ միկրոավտոբուսային 24 երթուղի է փակվել, այսօր էլ 23 երթուղի ազատ է, չի սպասարկվում, քանի որ քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթներին մասնակիցներ չեն եղել: Ըստ Առաքելյանի՝ տրանսպորտը շարունակելու է գերբեռնված աշխատել, քանի դեռ Երևանում հաստատված երթուղային ցանցը չի գործում։
Հանրային խորհրդի անդամ, 28 երթուղու շահագործող Վլադիկ Աբրահամյանը հայտարարեց, թե իրենք չեն ուզում թանկացնել ուղեվարձը, բայց ավտոմասերը թանկացել են 5-10 անգամ. «Ես պատերազմ եմ հայտարարում, ես էլ եմ ուզում 50 դրամ լինի, բայց հնարավոր չի դուրս գալ էդ վիճակից: Ես իմ սեփական մեքենաները վաճառել եմ, հիմա երթուղին էլ եմ վաճառում՝ գնամ, հնարավոր չի պահել: Գիտեք, թե մենք ուզում ենք ժողովուրդը կոտորվի՞»: