ԱԻՄ առաջնորդը հավաք կանցկացնի մեկ այլ տեղ
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18.00-20.00-ին, Շառլ Ազնավուրի հրապարակում է հավաք անցկացնելու։
Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի կայքից, քաղաքապետարանի լիազոր ներկայացուցիչը ի գիտություն է ընդունել Պարույր Հայրիկյանի 10.09.2013 թ. իրազեկումը։
Սեպտեմբերի 20-ին եւս մեկ հավաք էլ հրավիրել է Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցությունը։ Կուսակցությունը 1-2 ամսով ամեն օր հավաք անցկացնելու համար դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարան։
Իսկ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ՖԲ իր էջում շտապել է հանգստացնել համակիրներին եւ մտահոգ քաղաքացիներին, ովքեր Հայրիկյանին սպասում էին նույն օրը՝ Ազատության հրապարակում. «Վերջին ապուշն էլ գիտի, թե ով եւ որ կազմակերպությունն է եղել Սեպտեմբերի 21-ին նախաձեռնողն ու գլխավոր կազմակերպիչը։
Այնպես որ, միայն չեկիստական թափթփուկները մեզ կարող են խանգարել եւ ոչ թե «Ժառանգությունը»։ Ուրեմն ոչինչ չի փոխվում՝ Սեպտեմբերի 20-ին ժամը 18-ին... եւ հրավիրեք նաեւ մյուս կուսակցությունների ներկայացուցիչներին խոսելու սեպտեմբերի 21-ի մասին, ՄՄ-ի եւ ԵՄ հեռանկարի, Բացարձակ ժողովրդավարության, իմ դեմքով հայության դեմ արված մահափորձի, սահմանադրական բարեփոխումների եւ այլ խնդիրների մասին»,- իր խոսքը եզրափակել է Հայրիկյանը։