Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քոբուլեթին էժան է՝ ոչ որակի հաշվին

Հասարակություն
4093843a05d32ac87972a32a196442d6

Հայ-վրացական լարված հարաբերությունները չի խանգարել «Ջեյն ընդ դոթրս քորփրեյշն» ՍՊԸ-ի տնօրեն, ծագումով թիֆլիսահայ Ժաննա Չիրքինյանին` մասնակցել Երեւանում ռուս գործարարների համաժողովին:

«Ա1+»-ի հետ զրույցում նա նկատեց` ռուս-վրացական հարաբերությունները գնալով բարելավվում են ու դա բարերար ազդեցություն է թողել նաեւ իր բիզնեսի վրա:

Տիկին Չիրքինյանը Վրաստանի Քոբուլեթի ավանում ունի հյուրանոց, որտեղ այս տարի շատ են եղել նաեւ ռուս զբոսաշրջիկները: Իսկ այսօր ռուս գործարարների համաժողովին նա եկել էր ներկայացնելու իր հյուրանոցի ծառայությունները, որոնք, համոզված է, կհետաքրքրեն ռուսներին: «Քոբուլեթին այսօր ամենաէժան տուրիզմն է, բայց ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ բանով զիջում է մյուսներին, այլ քանի որ ճանապարհի ծախսն էժան է: Դրա համար մարդիկ նախընտրում են հանգստանալ այնտեղ, որտեղ պետք չէ 400-500 եվրո տալ տոմսի համար»,- կարծում է Ժաննա Չիրքինյանը` ավելացնելով, որ ժամանակին Քոբուլեթին նաեւ եղել է համասովետական առողջարանական կենտրոն, որտեղ մարդիկ առանց դեղորայքի բուժում էին ստանում։

Նրան վրդովեցրել էր այն հանգամանքը, որ այս տարի տուրիստական ընկերությունները Քոբուլեթիի հակագովազդով էին զբաղված եւ ամեն ինչ արեցին, որ հայեր քիչ գնան այնտեղ հանգստանալու. «Իմանալով, որ 900 հազար հայ է եկել Քոբուլեթի անցած տարի, այս տարի ինչ ասես ասացին` էլ կարմրուկ, էլ եսիմ ինչ, ամեն դեպքում, սակայն, դա չխանգարեց, որ հայերը գնան Քոբուլեթի: Իսկ որոշ տուրիստական ընկերություններ էլ միտումնավոր են խաղացել Քոբուլեթիի անվան հետ` հայտարարելով այնպիսի գներ, թե իբր 35 հազար դրամով հնարավոր է հանգստանալ այստեղ` երեքանգամյա սնունդով: Արդյունքում մարդիկ հիասթափվում են»:

Իր բիզնեսի զարգացման հարցում տիկին Չիրքինյանին ոգեւորել է նաեւ այն, որ ֆինանսական մեծ ներդրումներ են արվում Քոբուլեթիի զարգացման համար: Մասնավորապես միայն անցած տարի ԱՄՆ-ը 65 մլն դոլարի ներդրում է կատարել Քոբուլեթիում: «Օրական 20 կամ 15 դոլարը հյուրանոցի մեկ օրվա համար, կարծում եմ, բավականին մատչելի գին է: Ես նույնիսկ կարծում եմ, որ այդ գումարով շատ դժվար է հյուրանոց պահել, ուր մնաց խոսել օգուտի մասին, սակայն համոզված եմ, որ իմ բիզնեսը գնալով զարգանալու է»: