Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծեծել են «Բարեւ» շարժման ակտիվիստին

Հասարակություն
073921b13f6420306966feade456941d

Երեկ`սեպտեմբերի 18-ին, Լենինգրադյանի փողոցի վերջնամասում գտնվող Շիրակ հանրախանութի մոտակայքում ծեծի է ենթարկվել «Բարև» շարժման ակտիվիստ, «Ժողովրդավարական ուղի» կուսակցության անդամ Վիգեն Դավթյանը։

Վերջինս բաժանելիս է եղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի սեպտեմբերի 20-ի հանրահավաքը իրազեկող թռուցիկները:

«Երբ Վիգենը փորձել է մոտենալ բարձրահարկ շենքի բակում նստած ծերունիներին, նրան են մոտեցել մի խումբ երիտասարդներ ու փորձել խոչընդոտել: Վիգենը հղում է արել գործող կարգը և նշել, որ նա իրավունք ունի թռուցիկներ բաժանել, բայց տղաները ասել են, թե մենք ի՞նչ օրենքով երկրում ենք ապրում, որ օրենք ես մեջբերում, ու սկսել են հարվածել Վիգենին»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց «Բարև, Երևան» դաշինքից ավագանու անդամ, ԺՈՒԿ անդամ Արթուր Գասպարյանը:

Պարոն Գասպարյանը տեղեկացրեց, որ այդտեղ հավաքված ծերունիները չեն միջամտել, և միայն ինչ-որ երիտասարդ է մոտեցել ու փորձել կանխել վեճը:

«Երիտասարդը խնդրել է Վիգենին ընթացք չտալ դեպքին, բայց Վիգենը զանգել է ոստիկանություն: Նրան առաջին բուժօգնություն են ցույց տվել: Վիգենը ստացել է մի շարք վնասվածքներ դեմքի ու ողնաշարի հատվածում»,- նշեց Արթուր Գասպարյանը:

Պարոն Գասպարյանը դեռ տեղյակ չէ բերման ենթարկվե՞լ են Վիգեն Դավթյանին ծեծի ենթարկած երիտասարդները, թե ոչ, քանի որ նրանք դեպքի վայրից դիմել են փախուստի:

Արթուր Գասպարյանը հույս ունի, որ դեպքը կբացահայտվի, ու վերջապես վերջ կդրվի նմանատիպ վայրագություններին: