Թե հիմա, թե 88-ին մեր ուզածը անկախությունն է
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 21-ին` ժամը 16-ին, Ազատության հրապարկից կմեկնարկի «Անկախության համազգային երթը»: Նախաձեռնության հեղինակը ակտիվիստ Կարեն Թովմասյանն է,ով Facebook սոցիալական ցանցում հանդես է եկել երթ անցկացնելու առաջարկով, որի շուրջ արդեն համախմբվել են տարբեր քաղաքական ու քաղաքացիական ուժի ներկայացուցիչներ:
«Սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը հանդես եկավ Մաքսային միությանը միանալու հայտարարությամբ,տեսնելով դժգոհողների մեծ բանակը, որոշեցի հանդես գալ այս նախաձեռնությամբ»,-նշում է Կարեն Թովմասյանը:
Հրապարակախոս Մարինե Պետրոսյանը նկատում է.«Սա ինձ հիշեցնում է 1988 թվականը, երբ միավորվել էին բոլորը: Թե այս, թե այն ժամանակ մեր ուզածը անկախությունն էր»:
«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը վստահ է, որ անկախությունը հենց այն արժեքն է,որի շուրջ պետք է միավորվեն բոլորը, հատկապես, երբ այն վտանգված է:
Քաղաքացիական ակտիվիստ Կարեն Հարությունյանը համոզված է, որ 22 տարի առաջ ստորագրած անկախությունը դեռ չի ամրապնդվել մարդկանց մեջ, ու մենք այն կրկին վերանվաճելու խնդիր ունենք:
Նախաձեռնության անդամներին հատկապես զայրացնում է այն փաստը, որ Մաքսային միությանը միանալու նախագահի հայտարարությունը սեփական անօրինական իշխանության պահելու հետևանք է:
«Ճնշումներ, իհարկե, եղել են, բայց առանցքային դարձնել Ղարաբաղի խնդիրը՝ սխալ է: Ղարաբաղը հիմա ավելի խոցելի է դառնում, քանի որ ամբողջությամբ մնում է Ռուսաստանի հայեցողության տակ»,-վրդովված նշում է Մարինե Պետրոսյանը:
Նա համոզված է. «Սերժ Սարգսյանը սեփական իշխանությունը պահելու համար կորցրեց ինքնիշխանությունը»:
Ի դեպ, նախաձեռնության անդամները հանդես են եկել նաև հայտարարությամբ:
Ստորև՝ հայտարարությունը.
Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը, կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին սեպտեմբերի 21-ին ժամը 16-ին դուրս գալ փողոց և վերահաստատել ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը:
Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին եւ 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին:
Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:
Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կանգնած սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները՝ լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին:
Մենք հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ որևէ միության, որը կհակասի Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի: