Ազգովի կնշենք Լ. Ալավերդյանի ծննդյան օրը
Սեպտեմբերի 21-ին մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նշում է իր ծննդյան օրը։ Տիկին Լարիսան չի հավատում պատահականությունների ու հոմոզված է, որ այդ համընկնումը պատճառ է, որ ինքն էլ ավելի շատ պայքարի անկախ Հայաստանի համար.
«Ես շատ ուրախ եմ, որ մենք արդեն 22-րդ անգամ ենք նշելու Անկախության օրը, երբ հանրապետությունը նշելու է նաեւ իմ ծննդյան օրը»։
Լարիսա Ալավերդյանը փաստում է, որ անկախությունը ինքնին արժեք է, անկախ մարտահրավերներից ու ձախողումներից. «Այդ ձախողումները, թերացումները, միևնույն է, չեն կարող իջեցնել անկախության գինը։ Ինձ համար անկախություն, ազատություն գաղափարները միասնական են և անբաժան»։ Տիկին Ալավերդյանը վստահ է, որ եթե դու ուզում ես պետականությունն առաջ տանել ի հաշիվ անկախության, ապա դու կորցնում ես և´ անկախությունը, և´ պետականությունը։
Նա մերժեց բոլոր այն գնահատականները, երբ ասվում է, թե միևնույն է՝ մեզ անկախությունը կտրվեր, ոչ մի պայքար չի եղել, քանի որ մենք շատ կորուստներ, զոհեր ենք ունեցել անկախություն ձեռքբերելու համար։
Լարիսա Ալավերդյանն ասաց, որ անկախությունը նաև պատասխանատվություն է, և իր համոզմամբ՝ քաղաքական էլիտան չի կարողանում դիմանալ պատասխանատվության այդ բեռին։
Անդրադառնալով Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի որոշմանը, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ տպավորությունն այնպիսին էր, որ դա որոշվել է միանձնյա, և նույնիսկ իշխանության ներկայացուցիչները տեղյակ չեն եղել. «Մեր խնդիրները կապված չեն նրանից, թե որ միությունն ենք մտնում, մեր խնդիրները մեր մեջ են։ Ինձ թվում է՝ այդպիսի որոշումն ինչ-որ վիրտուալ կամ ռեալ վախերի ներքո է կայացվել»։