Ով կամ ինչը կփրկի մեզ կործանումից
Այսօր Աստծո հրաշքով է, որ հայ եկեղեցին պահպանված է»,- այսօր հայտարարեց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Շահեն քահանա Հայրապետյանը։
Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով, հոգևոր առաջնորդի իմաստնությունը շատ հաճախ փրկել է մեր ազգը կործանումից ու որպես ապացույց նա հիշեցրեց Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսին. «Վազգեն Առաջինն իմաստուն կերպով կանգնեց պետականության ու անկախության կողքին` մեզ ազատելով բազում փորձանքներից, որոնք գիտակցաբար կամ ոչ գիտակցաբար առաջարկվում էին մեզ»։
Անդրադառնալով օրեցօր աճող աղանդներին՝ քահանան նկատեց, որ անելիքներ ունենք բոլորս: Ըստ նրա՝ պետք չէ ամբողջ պատասխանատվությունը բարդել եկեղեցու ուսերին. «Միայն կրոնավորի մեջ որոնել ակտիվություն, որ կարողանա փրկել ժողովրդի խիղճը, սխալ կլինի: Բոլորս ենք եկեղեցին։ Օրինակ, Ռումինիայում նախագահը թույլ տվեց, որ աղանդները թափանցեն երկիր, բայց ժողովուրդը դուրս եկավ, պայքարեց ու հաղթեց, յուրաքանչյուրս պետք է պայքարենք, չբացենք դուռը չարիքի առաջ»:
Հոգևոր հովիվը նկատեց նաեւ, որ եկեղեցու բացթողումների կողքին չի կարելի չնշել նաեւ ձեռքբերումները: «Շարունակ ճեմարաններ են բացվում, հոգևորականներ են կրթվում: Դրական քայլերն էլ են շատ ու պետք է դրանք նկատել: Այս տարիների ընթացքում եկեղեցին փորձում էր իր մեջքը շտկել: 1915-ի ժամանակ այն գլխատվեց, հիմա սկսում է շնչել:
Այն ինչ-որ կազմակերպություն չէ, որ արտադրանք է տալիս, որը պետք է լավ կամ վատ լինի: Հիմա շտապողականություն որոնել այս ճանապարհին, նշանակում է քար նետել այդ կառույցի վրա: Մեր կրոնավորները ծույլ չեն, ծառայում են զինվորի հետ, բանտում են, ժողովրդի կողքին են»: