Բագրատյանը ճիշտ չի՞ ասում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հերքում է Հրանտ Բագրատյանի մեկ օր առաջվա պատմածները։
Ըստ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի՝ երեկ Հրանտ Բագրատյանը հորինվածք է հրապարակել՝ ասելով, թե Արտակ Զաքարյանին ինքը զգուշացրել է եվրոպացիների հետ ասոցացման համաձայնագրի բանակցություններով ռուսներին ջղայնացնելու մասին, ինչին պարոն Զաքարյանն ասել է` ռուսները մի քիչ կխոսեն, կանցնի. «Նման խոսակցություններ ընդհանրապես չի եղել»:
Պարոն Զաքարյանը մայիսին Բրյուսելից վերադառնալուց հետո է ասել, թե հայ-ռուսական համագործակցությունն այլընտրանք չունի: Ինքը միակը չէ, բոլոր պաշտոնյաներն էլ, ըստ պատգամավորի, միշտ ընդգծել են հայ-ռուսական համագործակցության այլընտրանք չունենալը։
Իսկ ինչո՞ւ Եվրոպացիներն այդ մասին չգիտեին այս տարվա մայիսին Բրյուսելում բանակցությունների ժամանակ. «Այն ժամանակ մենք Մաքսային միություն գնալու հրավեր չենք ունեցել։ Մաքսային միության հրավերը շատ ավելի ուշ ա եղել, քան մենք սկսել ենք բանակցել խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ»:
Մաքսային միության հրավերը եղել է շատ ավելի ուշ: Արտակ Զաքարյանը չի ասի, թե հատկապես երբ: Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը ասել էր շատ ավելի վաղ. «Համատեղ խորհրդակցություններ են եղել, հազար անգամ, ոնց որ ասում են, ծանրութեթեւ են արել»։
«Ասոցացման համաձայնագրի տեքստի վրա հիմա էլ ենք աշխատում եւ շարունակելու ենք աշխատել,-վստահեցնում է պարոն Զաքարյանը: Հետագա համագործակցության ինչ-որ տարբերակներ են փորձում գտնել։ Հայաստանին անվստահելի գործընկեր համարելու Շտեֆան Ֆյուլեի տեսակետի մասին պարոն Զաքարյանն ասում է. «Մեզ ոչ ոք անվստահելի չի համարում, եւ այդ գործընկերության ճանապարհը մեզ համար նոր ա սկսվել, եւ ավարտի մասին խոսելն իրականության հետ կապ չունի»:
«Համաձայնություն» կենտրոնի նախագահ Դավիթ Շահնազարյանը հույս ունի, որ իշխանությունները կգտնեն որեւէ ճանապարհ ասոցացման համաձայնագրին միանալու. նրա կարծիքով Վիլնյուս գնալ եւ այնտեղից Հայաստանի համար ինչ-որ կարգավիճակ պոկել պետք է. «Ինչ-որ կարգավիճակ, որը կլինի, իհարկե, Վրաստանի ու Մոլդովայի կարգավիճակից ցածր, բայց, իհարկե, Բելառուսի եւ Ադրբեջանի կարգավիճակից բարձր»: