Ինչպիսի ձմեռ է սպասվում՝ հարցրեք սոխին
Ժողովրդի մեջ ընդունված է սոխի կճեպի հաստությամբ որոշել՝ պատրաստվե՞լ ցուրտ ձմռանը, թե՞ ցախ խնայել։ Ըստ ժողովրդական կենսափորձի՝ եթե սոխի կճեպը հաստ է, ուրեմն ցուրտ օրեր են սպասվում, իսկ եթե բարակ է՝ տաք ձմեռ է լինելու։ Այս տարվա աշնան սոխի կճեպը հաստ է։
Հայանիստ գյուղի բնակիչ Էռնա Ավագյանն ասում է, որ իրեն պետք չէ ոչ մի եղանակի տեսություն, ընդամենը՝ մի գլուխ սոխ։
«Միշտ էլ անցած տարիներին, երբ սոխի կճեպը հաստ էր, լավ ցուրտ է եղել, իսկ բարակի դեպքում՝ հակառակը»,- պնդում է տիկին Էռնան։
«Ա1+»-ը փորձեց պարզել, թե ինչպիսի եղանակային կանխատեսումներ կան այս պահին։ Մեզ հետ զրույցում Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասաց, որ սեզոնային կանխատեսումներ դեռ չեն արվել, պաշտոնական տվյալներ դեռ չկան ձմռան ակնկալվող ցրտերից:
Երեկ ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել էին եղանակի կանխատեսումներին ու մասնավորապես նշել, որ սպասվող ձմեռը կլինի Եվրոպայի տարածքում ամենացուրտ ձմեռը վերջին 100 տարվա ընթացքում:
Անդրադառնալով ռուսական պարբերականներում սպասվող ցուրտ ձմռան մասին կանխատեսումներին՝ Սուրենյանը նշեց, որ այդ հոդվածներում ոչ մի պաշտոնական աղբյուր նշված չէ. «Որևէ հստակ բան չկա, դեռևս ոչ ՌԴ-ում, ոչ Հայաստանում եղանակային կանխատեսումներ արված չեն»։ Իսկ ըստ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի կանխատեսումների՝ անձրևային եղանակը Հայաստանում կպահպանվի մինչև սեպտեմբերի 25-ը։