Գրքեր կստանան բոլոր 1-ին դասարանցիները
Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը առաջին դասարանցիների՝ մաթեմատիկայի գիրք-տետրերով ապահովված չլինելու խնդրով ծնողների ահազանգի հիման վրա նամակ-հարցում է ուղարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին:
Նամակում ասված է.
«Ծնողներն ահազանգում են այն մասին, որ առաջին դասարանում սովորող իրենց երեխաների դասարանում ոչ բոլորն են ապահովվել մաթեմատիկայի նոր գիրք-տետրերով, այլ երեխաներին տրվել են անցյալ տարվա արդեն օգտագործված գիրք-տետրերը, որոնց վրա գրված է՝ վերադարձման ենթական չէ: Ծնողներին խորհուրդ է տրվել կամ օգտագործված գրքերում գրվածները ջնջել, կամ գրախանութներից 1500 դրամով գնել նորն այն դեպքում, երբ պետությունը տարրական դպրոցի դասագրքերը տրամադրում է անվճար: Ի դեպ «Facebook» սոցիալական ցանցով այս մասին գրել են նաև Ձեզ:
Ո՞վ է համարձակվել խեղաթյուրել պետության այս պարտականությունը և ծնողին առաջարկել դասագիրքը գրախանութից գնել այն դեպքում, երբ հրատարակիչներն ու տպարանները իրավունք չունեն տարվա այս ժամանակահատվածում վաճառքի հանել դասագրքերը: Նրանք դասագրքերն իրավունք ունեն վաճառելու միայն հոկտեմբերին, երբ դպրոցներում դրանց բաշխումն արդեն համարվում է ավարտված և վաճառքի հանված դասագրքերի շապիկը պետք է տարբեր լինի դպրոցին տրամադրվածից»:
Մինչ ԿԳՆ-ն պարզաբանում կներկայացնի հարցի կապակցությամբ՝ փորձեցինք պարզել, թե ինչ է կատարվում իրականում։ ԿԳՆ-ից մեզ հայտնեցին, որ բոլոր հայտերի հիման վրա պատվերը լիարժեք իրականացվել է, բոլոր աշակերտների թվով գրքերը տպագրված են, միայն թե տեղերում բաշխման խնդիր է առաջացել, ինչը շատ արագ կշտկվի։ ԿԳՆ-ից մանրամասներ կհաղորդեն քիչ ուշ։