«Եթե ուղեվարձը թանկանա, ժողովուրդը ոտքի կկանգնի» (տեսանյութ)
Համոզված են քաղաքապետարանի մոտ նստացույց անող քաղակտիվիստները։ Նույնիսկ անձրեւն ու ցուրտ եղանակը չեն ընդհատում Երեւանի քաղաքապետարանի մոտ արդեն 60 օր հերթափոխով շարունակվող նստացույցը։
«Ավելի հաստ քնապարկեր կվերցնենք, անջրաթափանց»,- «Ա1+»-ին ասաց ակտիվիստներից Վահագն Մինասյանը։
Ակտիվիստները շարունակում են պահանջել Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի եւ «Երեւանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականները։ Պաշտոնյաներից եւ ոչ մեկը մինչ օրս չի մոտեցել ակտիվիստներին:
«Այս երկու պաշտոնյաները, ըստ էության, կատարել են հենց Տարոն Մարգարյանի ապօրինի որոշումը՝ուղեվարձերի թանկացման մասին եւ արդեն 60 օր է՝ ատամներով պահում են ապօրինի որոշումները իրականացնողներին»,- նշեց քաղաքացիական ակտիվիստը։
Վահագն Մինասյանը, ով նստացույցի առաջին օրից չի լքել քաղաքապետարանի դիմացի տարածքը, համոզված է, որ հենց Տարոն Մարգարյանի հրամանով է բարձրացել տրանսպորտի ուղեվարձը, եւ նա է կրկին շրջանառության մեջ դրել տրանսպորտի սակագինը, այս անգամ՝ 250 դրամ դարձնելու մասին լուրերը;
«Տարոն Մարգարյանի տեսանկյունից նա առհասարակ, ներողություն արտահայտությանս, թքած ունի մեր քաղաքացիների պահանջի վրա, և, հետևաբար, հաշվի չառնելով քաղաքացիական ընդվզումը՝ տրանսպորտի գնի թանկացման եւ ընդհանրապես հաշվի չառնելով անպատժելիության մթնոլորտի առկայությունը՝ նա նորից փորձում է տրանսպորտի գինը թանկացնել»,- նշեց նա։
Ակտիվիստը կասկած չունի, որ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեպքում հասարակության առողջ հատվածը փողոց դուրս կգա, եւ բողոքի ալիքը ավելի մեծ թափ կառնի։ Ի դեպ, այսօր Վահագն Մինասյանը հերքեց այն լուրերը, թե Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույց հայտարարած երիտասարդներն աշխատանք չունեն, գործազուրկ են, ինչպես փորձում են ներկայացնել քաղաքային իշխանությունները:
«Եթե մարդ կարող է ազատ գրաֆիկով աշխատել, դա չի նշանակում, որ մարդ աշխատանք չունի եւ նման տիպի մարդկանց ուզում եմ հիշեցնել, որ գիտությունը զարգացել է եւ կարող են գումար աշխատել, ցանկացած վայրում` համակարգչի առջեւ նստած»,- եզրափակեց Վահագն Մինասյանը։