«Գրանդ Քենդի»-ում այրվել է 1800 քմ տարածք (տեսանյութ)
Սեպտեմբերի 25-ին, ժամը 06.57-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մասիսի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող «Գրանդ Քենդի» ՓԲԸ-ի տարածքում:
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շենքի առաջին հարկի ստվարաթղթի արտադրամասում:
ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը «Ա1+»-ին հայտնեց, որ հետախուզումը պարզել է՝ այրվել է մոտ 1800 քմ տարածք։ 12 մարտական հաշվարկ է աշխատում ներսում, քաղաքապետի հրամանով քաղաքի բոլոր համայնքների կոմունալ ծառայությունների ջրատար մեքենաները նույնպես միացել են կրակի մարման աշխատանքներին։ Այս պահին հրդեհը մեկուսացված է, կատարվում են մարման աշխատանքներ։
Բարեբախտաբար, հրդեհի պահին ներսում քիչ թվով մարդ է եղել, զոհեր եւ վիրավորներ չկան։
Այս պահին լրագրողներն ու օպերատորները հավաքված են դարպասների մոտ, եւ նկարահանումների համար նրանց ներս չեն թողնում։
Հրդեհի պատճառների մասին դեռևս տեղեկություններ չկան։