Ս. Ալեքսանյանը կապ չունի զուգարանի թղթերի հետ
«Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի հաճախորդները դժգոհում են. հերթական անգամ սուպերմարկետը փորձում է խաբել իրենց։
Այս անգամ հաճախորդներին վաճառել են Zewa ապրանքանիշի «կեղծված» զուգարանի թուղթ։ Նախկին եռաշերտի փոխարեն, գնորդները ձեռք են բերում մեկշերտանի թուղթ, իսկ փաթեթավորման վրա գրված է՝ եռաշերտ, և վաճառում են նույն գնով։
«Ա1+»-ի հետ զրույցում «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանի օգնական Արման Ենգիբարյանը նշեց, որ ինքը խոսել է Սամվել Ալեքսանյանի հետ և որ իրենք ոչ մի կապ չունեն. «Սամվել Ալեքսանյանն ասաց, որ ինքը կապ չունի դրա հետ, դա մեր ապրանքը չէ։ Մեր կազմակերպության մեղավորությունը ո՞րն է»,-նշեց Սամվել Ալեքսանյանի օգնականը։
Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բազմիցս է ասել, որ ինքը կապ չունի «Երեւան Սիթի»-ի հետ, որ դա իր կնոջն է, բայց, փաստորեն, լուրը ճշտելիս օգնական Ենգիբարյանը խորհրդակցում, հարցուփորձ էր անում հենց Սամվել Ալեքսանյանին։
Հաճախորդների խոսքերով, «Երևան Սիթին» համագործակցում է Zewa ապրանքանիշի հետ և միասին էլ խաբում են հաճախորդներին։ Արմեն Ենգիբարյանը հերքեց այդ տեղեկությունը.«Մենք կապ չունենք այդ ընկերության հետ և զուգարանի թղթերի հետ»։