Ասոցիացման համաձայնագիրը կհարվածեր օլիգարխին (տեսանյութ)
«Մաքսային միությանը միանալու Սերժ Սարգսյանի հայտարարությունը տրամաբանական էր»,- իր այս համոզումը ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը մեկնաբանում է նախևառաջ Հայաստանի ՀԱՊԿ-ի անդամ լինելու փաստով ու տնտեսական զարգացման հեռանկարի մասին պատկերացումներով։ «Մեր նախագահը միշտ ասել է, որ մեր գործողությունները չեն հակասելու մեր ռազմաքաղաքական դաշնակցի հետ հարաբերություններին, և սեպտեմբերի 3-ին մենք կատարեցինք մեր ընտրությունը: Մաքսային միությանը միանալը մեր ռազմաքաղաքական դաշնակցի հետ նախևառաջ կնպաստի մեր տնտեսության զարգացմանը»,- մեկնաբանում է պատգամավորը:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը զարմանում է՝ բա մեր արտգործնախարարը սա չգիտե՞ր. «Արտասահմանյան լրագրողներից մեկը հարց տվեց արտգործնախարարին, թե Մաքսային միությունը ի՞նչ է տալու Հայաստանին, և ես տնտեսական զարգացման մասին չլսեցի»:
Անուշ Սեդրակյանը համոզված է, որ շանտաժի ու ճնշումի ազդեցության տակ Մաքսային միությանը միանալու որոշումից բխեցնել տնտեսական զարգացումների հեռանկարները՝ ծիծաղելի է. «Ինչ ներդրումների մասին կարող է խոսք գնալ: Սա քաղաքական բլեֆ է: Հերթական անգամ աշխարհի վերաբաժանման խնդիր է դրված, անգամ Մաքսային միությանը միանալու փաստաթղթեր դեռ չկան»:
ՀՀԿ-ական պատգամավորը հակադարձում է. «ԵՄ-ի հետ մենք ոչ մի տնտեսական զարգացման հեռանկար չէինք կարող ունենալ, հայտնվելու էինք աղքատ վիճակում»,- համոզված է նա:
Անուշ Սեդրակյանը ժպիտով նկատում է՝ այո աղքատ վիճակում, բայց ոչ թե մենք, այլ՝ ոմանք։ Նա համոզված է, որ Ասոցիացման համաձայնագիրը տնտեսական տեսանկյունից լուրջ հարված էր մեր օլիգարխներին. «Ասոցիացումից հետո լինելու էր լուրջ վերահսկում, և մեր օլիգարխները հայտնվելու էին ռիսկային վիճակում»։