Ովքեր են քննարկելու ուղեվարձի հարցը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ որոշել է ստեղծել հանձնաժողով, որն էլ կորոշի ներքաղաքային տրանսպորտի նոր սակագինը:
Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն ու «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր խոսեցին հանձնաժողովում ընդգրկված անդամների մասին։ Արմեն Պողոսյանն ու Բաբկեն Պիպոյանը նույնպես ընդգրկված են հանձնաժողովում։
«Հանձնաժողովը բաղկացած է 36 անդամից, որից 12-ը հստակ է, որ 150 դրամի ջատագովներն են, և երեք հոգուց, որոնց մասին ոչ մի տեսակի տեղեկություն չունենք։ 7 հոգին մինչ օրս հստակ դիրքորոշում է ունեցել 100 դրամի, և ևս 8-ը փորձագետներ են, որոնք հնարավոր է՝ ինչ-որ հարցերի շուրջ ձեռնպահ մնան»,-ասաց Բաբկեն Պիպոյանը՝ հավելելով, որ կազմին ծանոթանալուց հետո արդեն պարզ է, թե քվեարկությունը ինչպես է ընթանալու և ինչ արդյունք է լինելու։
«Ա1+»-ի այն հարցին՝ արդյո՞ք իրենք դեմ են հանձնաժողովին և կողմնակից հանրային լսումներին, Արմեն Պողոսյանը նշեց, որ անընդունելի է համարում քվեարկությամբ որոշում կայացնելը։
«Հանրային լսումներն այլ ֆորմատ են, իսկ հանձնաժողով ստեղծելը և էս կոնտինգենտը հավաքելը թելադրում է իրավիճակը։ Ձեւը ընդունելի չէ, ձգձգում է. երկու ամիս ծախսել 36 հոգի հավաքելու համար ես գտնում եմ ոչ ռացիոնալ։ Սա կարելի էր հինգ օրում անել»,-ասաց պարոն Պողոսյանը։
«Մենք պետք է պայքարենք, որպեսզի հանձնաժողովը տեղափոխվի դեպի հանրային լսումների դաշտ»,-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը մեծ ակնկալիքներ չունի հանձնաժողովի աշխատանքից, սակայն վստահ է, որ իրենց գործողություներով կարող են խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքները.«Եթե թղթե շերեփով հարիսան չպատրաստենք, իրենց երկաթե շերեփով պատրաստվող հարիսան մեր ունեցած զինանոցով, մեր թղթե շերեփներով կփչացնենք։ Երբ մենք իրենց հարիսան փչացնում ենք, դա նշանակում է, որ իրենց հանձնաժողովը որոշում չի կայացնում»։ Հանձնաժողովի առաջին նիստը տեղի կունենա սեպտեմբերի 27-ին ժամը 5-ին։
Կից ներկայացնում ենք հանձնաժողովի կազմը.
Երեւանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 24ի N 4721Ա որոշմամբ հաստատված՝ հանձնաժողովի կազմը
Հանձնաժողովի նախագահ
Վահե Նիկոյան
Երեւանի քաղաքապետի տեղակալ
Հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ալբերտ Գեւորգյան
Երեւանի քաղաքապետի խորհրդական
Հանձնաժողովի անդամներ
Նաիրա Նահապետյան
Երեւան քաղաքի ավագանու«Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ, ֆինանսավարկային եւ տնտեսական, հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Զավեն Առաքելյան
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
Հենրիկ Նավասարդյան
Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ
Ռուդիկ Թադեւոսյան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի
գնումների վարչության պետ
Համազասպ Գալստյան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետի տեղակալ
Էլբակ Թառփոշյան «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն
Հարություն Երեմյան «Երեւանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն
Դավիթ Մելքոնյան ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ -վարչության պետի տեղակալ
Աննա Սաֆարյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, խորհրդական
Վազգեն Սաֆարյան ՀՀ հանրային խորհրդի անդամ, ֆինանսատնտեսական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ
Արման Չիլինգարյան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության իրավաբանական բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Կորյուն Աթոյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր
Դավիթ Հախվերդյան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու
Վալերի Հարությունյան Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարան, շինարարական մեքենաների եւ երթեւեկության կազմակերպման ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու։