«Ինչով ենք մեղավոր, որ այստեղ ենք ծնվել»
Արդյոք Սերժ Սարգսյանն իրավունք ունե՞ր Մաքսային միությանն անդամակցելու որոշում կայացնել։ Այս թեման արդիական է և քննարկվում է հասարակության շրջանում։
Քաղաքացիների կարծիքները երկբևեռ են. ոմանք կողմ են Սարգսյանի կայացրած որոշմանը, ոմանք էլ՝ դեմ։ Սակայն նրանք մի հարցում համակարծիք են՝ մի հոգին իրավունք չունի պետության համար նման կարևոր և առանցքային որոշում կայացնել, պետք է քննարկվեր և հանրաքվե անցկացվեր.
«Մեր ամբողջ պատմությունը կապված է Ռուսաստանի հետ, ոչ թե Եվրոպայի, ինձ թվում է ՝ Եվրոպան մեզ ապագա չէ, սակայն իմ կարծիքով՝ պետք է անցկացվեր հանրաքվե »,-գտնում է քաղաքացի Սպո Մատինյանը։
«Հանրապետության նախագահը պետք է մեր որոշումները գոնե մի քիչ հարգի, ժողովրդի կարծիքն իմանա , ախր մենք այս պետության մեջ ենք ապրում»,- ասում է Անահիտը։
Քաղաքացիները պահանջում են, որ իշխանությունները ներկայացնեն, թե այս երկու կառույցներն ինչ են մեզ տալու, քանի որ անգամ չեն հասկանում՝ խոսքն ինչի մասին է. «Որ տարբերությունը հասկանամ, երևի թե նոր կկարողանամ պատասխանել՝ որն է առավել լավ Հայաստանի համար։ Մեզ մոտ ցանկացած որոշում նման կերպ է կայացվում, ես անգամ չեմ ցանկանում կարծիք արտահայտել, որովհետև դա ոչինչ չի փոխելու», - ասում է Անուշիկ Մխիթարյանը։
Նոյեմբերյանցի Ռազմիկ Ստեփանյանը կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն, քանի որ նրան բախտ է վիճակվել լինել Ռուսաստանում, ինչպես ինքն է ասում՝ ոչ լավ օրից. «Արտագնա աշխատանքի ենք գնում, գյուղում աշխատելու տեղ չկա, պահանջները շատ են, չենք հասցնում,սակայն միեւնույն է՝ միայնակ չի կարելի որոշել , դա միայնակի բան չէ, սա արդեն այդ թիվը չէ»։
Այն քաղաքացիները, որոնք երբևէ եղել են Եվրոպական երկրներում, ինչպես իրենք են ասում՝ մտածելու կարիք չունեն. «Եվրամիություն, առաջին հերթին նրա համար, որ լինի քաղաքակրթության փոփոխություն»։ «Իհարկե՝ Եվրամիություն, եթե մենք, մեր նման մարդիկ կարող են այնտեղի մարդկանց նման ապրել։ Վիրավորված եմ, շատ վիրավորված եմ, մի քանի օր առաջ եմ եկել, համեմատություն եմ տանում , ազնվությամբ հուզվում եմ՝ ինչով ենք մենք մեղավոր, որ այստեղ ենք ծնվել։ Գոնե օրենք լինի մարդկանց նկատմամբ, մեզ մոտ օրենքներ չեն գործում, մենք շատ արհամարհված մարդ ենք մեզ զգում, մենք մեզ մեր երկրի տերը չենք զգում։ Եթե ես 3-րդ կարգի մարդ լինեմ դրսում, դա դեռ ոչինչ , իսկ քո երկրում՝ դա անտանելի է»,- ասում է տիկինը, ով այնքան հիասթափված էր, որ անգամ չցանկացավ ներկայանալ։