6-րդ վարչությունը շարունակում է ստուգումները
Գյումրու օդանավակայանում ոստիկանության 6-րդ վարչությունը այս պահին էլ շարունակում է երեկ սկսած ստուգումները։
Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-ի հետ զրույցում ասաց, որ իրենց երեկ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից են տեղեկացրել, որ «Շիրակ» օդանավակայանում չարաշահումներ են տեղի ունեցել։ (Գյումրու օդանավակայանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը)։
Կորել է մոտ 120 տոննա վառելիք։
«Ստուգումները շարունակվում են։ Ոստիկանությունն իրականացնում է համապատասխան գործողություններ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ։
Այս պահին հարցաքննվում են աշխատակիցները»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամլո խոսնակ Գեւորգ Աբրահամյանը ձեռնպահ մնաց մեկնաբանությունից։