Հարձակում Նախախորհրդարանի աջակիցների վրա (տեսանյութ)
Իշխող վարչախմբին սպասարկող թաղի խուժանը, որը ընտրությունների ժամանակ իշխանության և ժողովրդի միջև հանցավոր միջնորդի դեր է կատարում և ընտրակաշառք բաժանում, այսօր արդեն իրեն հարիր մեթոդներով լծվել է Նախախորհրդարանի աջակիցների վրա հարձակում գործելու առաքելությանը, դրանով իսկ ծառայություն մատուցելով իր տերերին:
Նախախորհրդարանի աջակիցներ Սուրեն Գևորգյանը և Սահակ Պողոսյանը երեկ երեկոյան՝ սեպտեմբերի 26-ին իրենց իսկ բակում, հարևանների ներկայությամբ հարձակման են ենթարկվել Հրաչ անունով քաղաքացու կողմից, իրենց գաղափարական ընդդիմադիր կեցվածքի և հատկապես, Նախախորհրդարանի աջակիցներ լինելու պատճառով, որի հետևանքով Սուրեն Գևորգյանը ստացել է լուրջ մարմնական վնասվածքներ:
Արաբկիրի վարչական շրջանի ոստիկանություն բերման ենթարկվելուց և արդեն տուն վերադառնալուց հետո, Սուրեն Գևորգյանի զգացողությունը կտրուկ վատացել է, և նա հոսպիտալացվել է անցնելով մի շարք բժշկական ստուգումներ: Նրա մոտ հայտնաբերվել է հարվածների արդյունքում ստացած ուղեղի հեմատոմա, բժիշկների ախտորոշմամբ՝ արյան զեղում: Սուրեն Գևորգյանը այժմ գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկների խիստ հսկողության տակ, և ըստ բուժող բժշկի, եթե մոտակա 72 ժամում վիճակի բարելավում տեղի չունենա, ապա վիրահատական միջամտության անհրաժեշտություն կզգացվի:
Նախախորհրդարանը հայտարարում է և զգուշացնում, որ նման մեթոդներով ոչ վարչախումբը և ոչ էլ նրա սպասարկուները չեն կարող կասեցնել ազգային ազատագրական անկասելի պայքարը: Նախախորհրդարանը և նրա աջակիցները երբեք չեն ընկրկելու և հասնելու են իրենց նպատակին, մեր ժողովրդի մասնակցությամբ ձերբազատվելով հանցավոր համակարգից և նրանում գործող հանցագործ դերակատարներից, ստեղծելով մեր ժողովրդին հարիր պետություն:
ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Հ.Գ.
Ոստիկանությունը դեպքի առիթով հաղորդում է.
Սեպտեմբերի 26-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է ահազանգել 1946 թ. ծնված Սուրեն Գ.-ն և հայտնել, որ Ավետիսյան փողոցի թիվ 80 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունենում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, նշված շենքի բակում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Հրաչիկ Ա.-ն ձեռքերով հարվածներ է հասցրել Սուրեն Գ.-ի դեմքին և պատճառել վնասվածք:
Սուրեն Գ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նույն օրը, ժամը 21.00-ին, Հրաչիկ Ա.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նշված վիճաբանության ժամանակ Սուրեն Գ.-ն էլ իր դեմքին է հարվածներ հասցրել և պատճառել վնասվածք:
Կատարվում է հետաքննություն: