Մի ամբողջ գյուղ բժշկի երես չի տեսնում
Աջակցիր «Ա1+»-ինԱրարատի մարզի Լուսաշող գյուղի բուժկետի դուռը տարին երկու անգամ է բացվում. երբ հարևան Զանգակատուն գյուղից գալիս են բժիշկն ու բուժքույրը։ Գյուղի 725 բնակիչները շուրջ ութ տարի է՝ բժշկի ծառայությունից չեն օգտվել։
Բնակիչների խոսքերով՝ մի քանի տարի առաջ, երբ իրենց համագյուղացի բժիկը Լուսաշողից Արարատ քաղաք տեղափոխվեց, մնացին առանց բժշկական օգնության։
Բազմազավակ հայր Հունան Հովսեփյանը սրտնեղում է՝ գյուղում առանց բժշկի անհնար է գոյատևել։ «Երբ երեխեքից մեկը հիվանդանում ա, ստիպված գյուղից որևէ մեկին խնդրում եմ, որ գա՝ հասնենք Արարատ կամ Վեդի։ Հերիք չի էդքան բժիշկի եմ փող տալիս, մի հատ էլ ճանապարհածախս ա ավելանում»,- մեզ հետ զրույցում նշեց Լուսաշողի բնակիչը։
«Եթե խոլերա էլ ընկնենք, ոչ մեկը մեզանով չի հետաքրքրվում, չգիտեն՝ ինչ է կատարվում, քաղաքակրթությունից դուրս ենք մնացել»,- մտահոգվում են Լուսաշողցիները։
Մանուշ Մելոյանի խոսքերով՝ գյուղում բոլորն արդեն բժիշկ են դարձել. «Որևէ հիվանդության դեպքում իրար խորհուրդ ենք տալիս, մենք մեզ ավանդական ձևով լավ, թե վատ օգնություն ենք ցույց տալիս»։
Լուսաշողի համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանից տեղեկացանք, որ գյուղապետարանի առաջին հարկում տեղակայված է բուժկետը։ «4 տարի առաջ հովանավոր կազմակերպության շնորհիվ բուժկետը վերանորոգվել է», - ասաց Հարությունյանը։
«Իսկ ինչու գյուղում բժիշկ չկա» հարցին համայնքի ղեկավարը հետևյալ պատասխանը տվեց. «Մասնագետ չկա»։
«Բժիշկ չկա, գնացեք բերեք՝ հենց հիմա էլ կնշանակեմ»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Լուսաշողի գյուղապետը և հավելեց, որ մի քանի անգամ Երևանից ու մարզի այլ քաղաքներից բժիշկներ են եկել, բայց տեսնելով, որ գյուղը հեռու է, իսկույն հետ են գնացել։
Լուսաշողցիների խնդրանքն այսօր մեկն է՝ գոնե բուժամբուլատորիայում բուժքույր ունենան։