Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուշացած լրագրողներին ներս չեն թողնում

Հասարակություն
50fb3f404f9458f56648ae519fb7ea99

Այսօր ժամը 17-ին քաղաքապետարանում սկսվել է տրանսպորտի ուղեվարձի գինն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը։
Նախապես հայտարարվել էր, որ լրագրողների մուտքն ազատ է, սակայն ուշացողներին ներս չեն թողել՝ ասելով, որ ներսում արդեն 10 լրատվամիջոց կա։ «Ա1+»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ըստ ներսի լրագրողներից եկած լուրերի, ներսում ընդամենը մեկ-երկու, հիմնականում «անվտանգ» լրագրող է։
Ավագանու անդամ Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ ուշացման համար ներս չթողնելը պարզապես պատրվակ է՝ ազատվելու «վտանգավոր» լրատվամիջոցներից և որ դա «պրիմիտիվ գործելաոճ է»։ Նա հիշեցրել է, որ մի անգամ էլ իրեն ուշացման համար ներս չեն թողել՝ մասնակցելու ավագանու նիստին։

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել

 

Մամուլի հաղորդագրություն


Զանգվածային որոշ լրատվամիջոցներով տարածված լուրերի առնչությամբ, թե իբր որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների թույլ չեն տվել ներկա գտնվել Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման, ինչպես նաև խնդրի առնչությամբ քաղաքացիական հասարակությանը հուզող հարցերի համակողմանի և լիարժեք տեղեկատվություն տրամադրելու նպատակով ստեղծվող հանձնաժողովի նիստին, հարկ ենք համարում տեղեկացնել, որ նիստի լուսաբանման համար Երևանի քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանման նպատակով հավատարմագրված բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր նունիսկ մինչև 5 րոպե ուշացումով՝ մինչև նիստի սկսելը ներկայացել են, հնարավորություն են ունեցել մասնակցելու նիստին և լուսաբանելու աշխատանքների ընթացքը: Նիստին ներկա են եղել շուրջ մեկ տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Առնվազն տարօրինակ է լրատվամիջոցներից մեկի դժգոհությունն այս առնչությամբ այն դեպքում, երբ նրա ներկայացուցիչը ժամանակին ներկայացել և ներկա է գտնվել նիստի ամբողջ ընթացքին: Ավելին, լրատվամիջոցներից մեկը հնարավորություն է ունեցել համաժամանակյա ռեժիմով, առցանց հեռարձակել նիստի ամբողջ ընթացքը: Լրատվամիջոցների մեջ խտրականություն դնող մեր գործընկերներին մեկ անգամ ևս հարկ ենք համարում հիշեցնել, որ Երևանի քաղաքապետարանը որևէ տարբերակում չի դնում և բաց է բոլոր լրատվամիջոցների համար: Պարզապես ցանկալի է, որ հարգենք միմյանց աշխատանքն ու առաջնորդվենք սահմանված կարգով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն