Առաջարկում են փոխել Հայաստանի հիմներգը
«ՀՀ հիմներգի առաջին քառատողի վերջի ազատ, անկախ բառը փոխարինել վերածնված բառով» , - այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարությամբ հանդես եկավ Երիտասարդ խորհրդարանական Տաթևիկ Խանաղյան:
Ըստ երիտասարդ խորհրդարանականի՝ երկրորդ քառատողը առաջարկում են հանել.«Այն աղջկա շուրթերից հնչող քառատող է, որը հարիր չի մեր զինվորներին ու սպաներին»,- ասաց նա: Բանախոսի խոսքերով՝ հանված քառատողերի փոխարեն պետք է ավելացնել «Մեր հայրենիք շղթաներով, այսքան տարի կապկապած, յուր քաջ որդոց սուրբ արյունով, պիտի լինի ազատված» քառատողը։
« Երաժշտությունը չի փոխվի, մի քանի նոտա միայն։ Հիմներգը լիովին փոխել, ես կողմնակից չեմ, հիմնական խնդիրը կապված է լացակումած քառատողի հետ», - ասաց Տաթևիկ Խանաղյանը։
Պատասխանելով հարցերին՝ Խանաղյանը հերքեց, որ սա պատվեր է եւ կապ չունի Մաքսային միությանը անդամակցելու հետ:
Հանձնաժողովի նախագահ Տիգրան Խաչիկյանն էլ իր հերթին ասաց, որ գուցե սա պատվեր է, սակայն «ժողովրդի պատվերն է»:
Նարեկ Հովհաննիսյանի խոսքերով՝ երիտխորհրդարանի պետա-իրավական հանձնաժողովը դեռ չի քննարկել նախագիծը եւ հստակ չի կարող ասել, թե ինչպես է կատարվելու փոփոխությունը: