Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեժիմը «փոխհատուցու˚մ է» գծատերերին

Հասարակություն
83d3dbd2a439b0bcca06b42e38ed9ccd

«Երևանի քաղաքապետարանն անդրադառնում է միայն տրանսպորտի գնին, մինչդեռ այն ունի բազմաթիվ խնդիրներ», - այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Հասարակական պաշտպանների միության նախագահ Արամ Գրիգորյանը, և հավելեց, որ ավելի շատ ուշադրություն պետք է դարձնել տրանսպորտի որակին՝ երթեւեկող մեքենաների տեսքին, երթուղային գծերին, թե ինչպես պետք է լինեն և այլն։

Անդրադառնալով քաղաքապետարանի տրանսպորտի թանկացման հարցը քննարկող հանրային հանձնաժողովին, Գրիգորյանն ասաց.«Հանձնաժողովը ոչ պրոֆեսիոնալ է, այն լիազորություններ չունի, իրենք անգամ չգիտեն՝ ինչի են հավաքվել: Երեկվա նիստն օրակարգ չի ունեցել»։

«Եթե ասում են պահեստամասերը թանկացել են, մենք ընդունում ենք, թեև դեռ պետք է ուսումնասիրել, բայց անգամ այս բոլոր հաշվարկներն անելով՝ դարձյալ ուղեվարձը հարյուր դրամը չի գերազանցում»,- ասաց Գրիգորյանը: Ըստ նրա՝ անգամ նշված բոլոր հաշվարկները հաշվի առնելով՝ ավտոբուսի ուղեվարձը ստացվում է իննսունյոթ դրամ, միկրոավտոբուսինը՝ ութսունհինգ դրամ:

Ակտիվիստ Արգիշտի Կիվիրյանը, տրանսպորտի սակագնի բարձրացումը կապում է ընտրությունների ավարտի հետ։ Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ տրանսպորտը սպասարկում են ռեժիմի ներկայացուցիչները կամ նրանց մերձավորները։ Ընտրությունների ժամանակ, երթուղայիններով մարդկանց են տեղափոխել այս կամ այն ընտրատեղամաս, կարծես այս ձևով ռեժիմը փոխհատուցում է գծատերերին։

«Եթե հասարակությունը չընդվզի, ապա ուղեվարձը կարող է դառնալ թե՛ հարյուր հիսուն, թե՛ երեք հարյուր դրամ: Այս ձևով միայն հնարավոր է քաղաքապետարանին ստիպել ետ կանգնել այս ծրագրից»,- վստահեցնում է Կիվիրյանը։

Քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանը չի պատրաստվում երթուղայինին հարյուր դրամից ավել վճարել, եթե նույնիսկ տրանսպորտի գինը հինգ հարյուր դրամ դառնա։