«Սերժ Սարգսյանը մենակ է»
«Սերժ Սարգսյանը չունի քաղաքական թիմ»,- համոզված է ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը: Ըստ նրա՝ այսօր բացակայում են քաղաքականությունից գլուխ հանողները, քանի որ իշխանության պատգամավորները միայն փող ծախսել գիտեն. «Այսօր քաղաքական դեմքեր չեն անցնում, այլ նրանք, ովքեր ընտրարշավին գումար կծախսեն իրենց գրպանից: Սերժ Սարգսյանը մենակ է, քանի որ չունի գոնե քսան հոգի, որ իր կողքին կլինեին, երբ նա Մոսկվայում էր: Լևոն Տեր-Պետրոսյանը ուժեղ էր, քանի որ ուներ թիմ»:
ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը հակադարձում է. «Սերժ Սարգսյանն ունի կուսակցություն, որը նաև իր թիմն է: Նա հրաշալի բնավորության գիծ ունի լսելու մարդկանց, լսելու կարծիքներ»,- վստահեցնում է նա: «Լավ լսող է, ուրեմն ավելի լավ ասողներ են պետք»,- հետևեց Հովհաննես Իգիթյանի պատասխանը:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն անդամակցելուն՝ պարոն Իգիթյանը համեմատության մեթոդին դիմեց. «Եկեք տեսնենք, երբ պետական բյուջե մտնում է մեկ միլիարդ դոլար և հակառակը՝ ներդրվում է մեկ միլիարդ դոլար: Առաջին դեպքում դա հազիվ կբերի տասը տոկոս սոցիալական խնդիրների լուծում, իսկ երկրորդ դեպքում դա նախ չի բերի որոշ գրպանների հարստացում, բյուջե էլ գումար կգնա, աշխատատեղեր էլ կբացվեն: Անվտանգության խնդիրը իհարկե կա, բայց տնտեսական տեսանկյունից Մաքսային միությունը լավագույն տարբերակը չէ»,-կարծում է նա:
Սեպտեմբերի 29-ին տեղի ունեցած Սյունիքի մարզպետի ընտրությունների մասին Հովհաննես Իգիթյանը լուրջ խոսել անգամ չի ուզում. «Ինչ-որ կաբինետներում են որոշում՝ ով ուր պետք է լինի: Ընդդիմության մասին խոսելն իսկ ավելորդ է, քանի որ նա չի կարող դեր խաղալ, ահա՝ ռուս սահմանապահների արարքը եկավ ապացուցելու, որ Ռուսաստանը մեզ լուրջ չի վերաբերվում»,- նշեց նա: ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը համաձայնվում է՝ այո, ընդդիմությունը չի կարող լուրջ դեր խաղալ, քանի որ ուժեղ չէ, բայց ինչ վերաբերում է իշխանության որոշումներին՝ նա նկատեց. «Իշխանությունները ոչ թե որոշում են, այլ տեսնում են»: