Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կինը բրդի նման չէ»

Հասարակություն
0c0ab3ded3a3667fff6bfd74a5f15526

 

Ուղիղ 3 տարի առաջ այսօր կյանից զրկվեց 20 ամյա Զարուհի Պետրոսյանը՝ ամուսնու եւ սկեսուրի դաժան բռնությունների արդյունքում։
Իսկական տղամարդը ձեռք չի բարձրացնում իր կնոջ վրա: Այս մասին մեկ անգամ եւս հիշեցնելու համար այսօր փողոց էին դուրս եկել «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամները։

«Դրանով չի իր տղամարդկությունը չափվում, այն կարծրատիպերը, որ կան՝ կինը բրդի նման է, ինչքան ծեծես, այնքան փափուկ է, հասարակությունը դարձրել է ավանդույթ»,- ասաց Մամիկոն Հովսեփյանը։

Կազմակերպության անդամները մտադիր են 12 ժամ անցկացնել Կառավարության շենքի դիմաց: Նրանք վարչապետ Տիգրան Սարգսյանից պահանջում են ԱԺ ներկայացնել ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենք։
«Օրենքը կանխարգելման օրենք է, պատժամիջոցներ չի ներառում իր մեջ եւ ինքը շատ խաղաղասեր օրենք է»,- նշեց «Կանանց իրավունքների կենտրոն»-ի նախագահ Սուսաննա Վարդանյանը

Միայն 2012 թ. արձանագրվել է ընտանեկան բռնության 766 դեպք, որից 621-ը՝ կանանց նկատմամբ։ Այս տարվա ընթացքում արդեն 3 կին է մահացել ընտանեկան բռնության հետեւանքով՝ առանց մայրական խնամքի թողնելով 6 մանկահասակ երեխա։

«Հիմա երեխաներին ենք հոգեբանական աջակցություն ցուցաբերում, որովհետեւ 3 դեպքերից երկուսի դեպքում հայրը հենց երեխաների ներկայությամբ է մորը սպանել եւ շատ ստրես են ապրել երեխաները դրանից»,- ավելացրեց Աննա Նիկողոսյանը։ Ակցիայի մասնակիցները համոզված են, որ ընտանեկան բռնությանը նպաստում են նաեւ սերիալները, որոնցով ողողված է հայկական եթերը;

«Այդ բռնարար վիճակը, որ մտնում է մեր հասարակության, մշակույթի մեջ, երբ տեսնում են, որ սիրած դերասանները դա են կատարում, երիտասարդի ուղեղի մեջ չի մտնում, որ դա վատ բան է»,- ցավով է նշում Կանանց աջակցման կենտրոնի նախագահ Մարո Սանթրոսյանը։
Ակցիայի մասնակիցները կառավարությանն ու ԱԺ-ին կոչ է անում օրենսդրորեն կարգավորել կանանց ազատ եւ արժանապատիվ ապրելու իրավունքը։