Բարձրագույն քիմիան՝ «Հայֆեստ»-ում
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նախասրահում այսօր իսկական աժիոտաժ էր. «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանն ու «1927» թատերախմբի ներկայացուցիչը հանդիպեցին լրագրողների հետ։
Այսօրվանից մինչև հոկտեմբերի 12-ը՝ 11-րդ «Հայֆեստ»-ում հանդես կգա 18 երկրի 25 թատերախումբ՝ Մեծ Բրիտանիայից, Արգենտինայից, Իտալիայից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից և այլն։ Փառատոնին կմասնակցեն թատրոններ նաև Երևանից և Հայաստանի մարզերից։
«11-րդ «ՀայՖեստը» հանդիսատեսին կներկայանա նոր ոճով և նոր տարբերանշանով՝ «Բարձրագույն քիմիա»։ «ՀայՖեստ-2013»-ի տարբերանշանի վրա Մենդելեևի աղյուսակը, որտեղ իրենց տեղն են գտել Սերը, Գաղափարը, Գործողությունը, Խիզախությունը, Երազանքն ու բոլոր այն տարրերը, առանց որոնց անհնար է պատկերացնել փառատոնը»։
Այսօր Փառատոնի մեկնարկը կազդարարի «1927» թատրոնի «Կենդանիները և երեխաները գրավել են փողոցները» մուլտիմեդիա ներկայացումը՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում։
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը նշեց, որ արդեն 5-րդ տարին է՝ ներկայացնում են նաև պարսկական մշակույթը, պարսկական ներկայացումներ։ Այս տարի կունենանք 5 պարսկական ներկայացում։ Երկու մասնագետ ներկայացումից հետո դիմակներ կպատրաստեն և կցուցադրեն հանդիսատեսին»։